Լիա Իվանյան. Ռուսական արտադրության Նիկոլը
Գունավոր հեղափոխությունների մասին հրապարակումներում, դրանց չհաջողված փորձերի շարքին է դասվում Ռուսաստանի 2011-2013թթ․այսպես կոչված «Ճահճային հեղափոխությունը («Болотная революция»)։ Նշենք, որ Հայաստան-2008-ն էլ այդ շարքում է։
Մեզ մոտ «Թավշյա հեղափոխությունը» հաջողվեց տասը տարի անց՝ 2018-ին։ Ինչպես երևում է՝ Ռուսաստանում ևս նոր թափով են փորձում կրկնել չհաջողված պետականքանդ հեղափոխությունը։ Ռուսական ընդդիմության գլխավոր անփոփոխ հեղափոխականներից մեկը Ալեքսեյ Նավալնին է՝ ռուսական արտադրության Նիկոլը։ Ի դեպ, այսօր Մոսկվայում դատական նիստ է ընթանալու՝ «Իվ Ռոշի» և մեկ այլ գործով Նավալնու պայմանական պատիժը իրական դարձնելու օրակարգով։ Հազիվ թե եվրոպական պատժամիջոցային սպառնալիքները կանգնեցնեն Ռուսաստանին՝ Նավալնուն բանտում փակելու հարցում։
Նաև հազիվ թե Ռուսաստանը թույլ կտա իր երկրում կրկնել ուկրաինական կամ հայկական պետականակործան սցենարները։ Նրանց համապատասխան մարմինները հաստատ մեզանից լավ գիտեն Հայաստանում կատարվածի բոլոր նրբերանգները, և թույլ չեն տա փոքր տարբերություններով նույն սցենարի իրականացումը։ Բելառուսում չհաջողված հեղափոխությունը վկայում է, որ արդեն այնքան մանրամասն ու շատ ինֆորմացիա կա գունավոր հեղափոխություների մասին, որ արդեն մի տեսակ հնացած են կրկնվող սցենարները։
Իհարկե, շատ բան է կախված գործող անձանցից ։ Օրինակ՝ Նիկոլն ու Նավալնին հազվագյուտ գտածոներ են պատվիրատուների համար՝ սեփական Հայրենիքին վնասելու իրենց պատրաստակամությամբ։ Ցանկացած իշխանություն ունի իր թերությունները, բայց դրանց վերհանումը ծառայեցնել ոչ թե պետության բարօրրությանը, այլ նրա կազմաքանդմանը՝ անում են միայն թշնամիները, լինեն արտաքին թե ներքին։ Այսօրվա հայացքով վերլուծելով Հայաստանի Հանրապետության սրընթաց գահավիժումը 2018-ի չարաբաստիկ իշխանզավթումից հետո, գիտակցում ես թե ինչ ստոր գործարքի մեջ են մտնում սեփական երկիրը չգիտեմ ինչ աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից պլանավորած քանդմանը աջակցող դավաճանները։
Նայում ես ռուսական քաղաքներում նույն ձեռագրով կազմակերպած բողոքի ցույցերը (դեռահասների ներգրավվում, պոպուլիստական լոզունգներ, փողոցների փակում) և մտածում ես՝ մեզ նայեք ձեզ խղճացեք։ Վաղը մյուս օրը կընկնեք նույն ճահիճը, ուր որ տանում են բոլոր գունավոր հեղափոխությունները (ինչ էլ խորհրդանշական անվանում էր ունեցել չհաջողված Ճահճային հեղափոխությունը)։ Այդ ճահիճը Հայաստանից խլեց Արցախի տարածքի 73 տոկոսը, կանգնեցրեց Սյունիքը, ավելին՝ մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ։ Վաղվա օրը Հայաստանի համար մշուշոտ է, և որքան շարունակվում է դավաճանական այս վարչախմբի կառավարումը, այնքան խտանում է մշուշը և դժվար հաղթահարելի են դառնում հետևանքների վերացումը։
Նիկոլներն ու Նավալնիները արեցին և անում են իրենց սև գործը՝ ղեկավարվելով օտարների կազմած ծրագրերով յուրաքանչյուրը թուլացնում է իր երկիրը։ Վաղուց ակնհայտ է, որ հետխորհրդային տարածքում հաջողված կան չհաջողված գունավոր հեղափոխությունների հիմնական թիրախը Ռուսաստանն է։ Նպատակը մեկն է, ուստիև բոլոր հեղափոխությունների ղեկավարները սնվում են մեկ կենտրոնից և կապված են իրար հետ անտեսանելի թելերով․․․ Հիշո՞ւմ եք, երբ Հայաստանում 2018-ի ապրիլի վերջին մայիսի սկզբին պարզ դարձավ, որ Նիկոլին հաջողվել է իշխանազավթումը՝ նրան առաջինը շնորհավորեցին Սաակաշվիլին ու Նավալնին։ Պատահականությո՞ւն էր։ Իհարկե ոչ։ Նույն դպրոցի սաներն են․ մեկի հաջողությունը մոտեցնում է ընդհանուրի հաղթանակը։
Ուզենք թե չուզենք,այսօրվա դրությամբ Ռուսաստանի հետ են կապված մեր պետության անվտանգության երաշխիքները։ Եվ ոչ միայն անվտանգության։ Փետրվարի 1-ից Հայաստանից Ռուսաստան մեկնողների թիվն ու տոմսերի գինը ցույց են տալիս, որ անգամ տարրական փող աշխատելու հարցն են հայերը կապում ռուսական անծայրածիր հնարավորությունների հետ․․․ Գնացեք, միայն թե նույն դյուրահավատությամբ ու կռապաշտությամբ էլ Նավալնուն Ռուսաստանում չաջակցեք, ինչպես Նիկոլին աջակցեցիք Հայաստանում։ Ռուսաստանի կործանման դեպքում ո՞ւր պիտի փախչեք։
Լիա Իվանյան
Հարակից հրապարակումներ`
- Լիա Իվանյան. Զրահապատ ընտրություննե՞ր
- Լիա Իվանյան. Ոչինչ չպետք է մոռացվի
- Լիա Իվանյան. Երբ թուրքի շահն է գերիշխում
- Լիա Իվանյան. Հարգենք 1,5 միլիոնի հիշատակը
- Լիա Իվանյան. Քաոսի շեմին
- Լիա Իվանյան. Մղձավանջը շարունակվում է
- Լիա Իվանյան. Սերունդներին ի՞նչ ենք ասելու
- Լիա Իվանյան. Պատմության աղճատում
- Լիա Իվանյան. Անտեր պետության դեմքը
- Լիա Իվանյան. Ստախոսների եռյակը