
2020 թ-ի տնտեսական անկումը կկազմի 7.8 տոկոս. ԿԲ ակնկալիքը
ՀՀ Կենտրոնական բանկը 2020-ի համար ակնկալում է 7.8 տոկոս տնտեսական անկում: Ասուլիսում ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա նշեց, որ տնտեսական անկման համար ԿԲ նախկին կանխատեսումը 2020-ի համար եղել է 7.2 տոկոս:
Մ. Գալստյանը խոստացավ հաջորդ հանդիպման ընթացքում ներկայացնել 2021 թվականի համար կանխատեսումը՝ միաժամանակ հավելելով, որ նախնական թվերը 2 տոկոսի շրջանակներում էին:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա վերաֆինանսավորման տոկոսադրույքի 0.25 տոկոսային կետով բարձրացումը տնտեսության իրական հատվածի ընկերությունների վրա, ԿԲ նախագահն ասաց. «Տոկոսադրույքի բարձրացումը նշանակում է փողի թանկացում, փողի թանկացումը նշանակում է ֆինանսական ռեսուրսների որոշակի հասանելիության նվազում, որը տնտեսության իրական հատվածի վրա պետք է անդրադառնա ներդրումների հնարավոր կրճատման թեզով:
Սակայն Հայաստանում վերջին տարին բավականին ծանր լինելուց զատ մենք մեր բանկային համակարգի գործընկերներից ստանում ենք նաև ազդակներ, որ այս տարվա ընթացքում միգուցե բանկերի որոշակի մասը կփորձի փոքրացնել իր բալանսը, որի արդյունքում ենթադրվում է, որ բանկերի կողմից միգուցե տեղի ունենա վարկավորման տեմպերի որոշակի դանդաղում:
Այդ առումով, մեր կարծիքով, վարկերի առումով կանխորոշիչը ոչ թե լինելու է տոկոսադրույքի միջոցով փողի գնի թանկացումը, այլ իրական հատվածի ընկերությունների մոտ նոր պրոեկտների նախաձեռնման, նոր պրոեկտների վերաբերյալ ֆինանսավորում հայթայթելու ցանկությունը: Մենք կարծում ենք, որ եթե նման պրոեկտներ լինեն, ապա այդ հաճախորդները բանկային համակարգում կկարողանան ֆինանսավորում գտնել ու տոկոսադրույքի 0,25 տոկոս բարձրացումը չի լինելու այն հիմնական խոչընդոտը, որը կարող է ընկերություններին հետ պահել ապագա ներդրումներ անելու տեսանկյունից»:
Մ. Գալստյանի խոսքով, բոլորի ակնկալիքը 2020 թ. ՀՆԱ-ի մոտավորապես 7-8 տոկոս անկման շրջանակներում է, ինչը նշանակում է, որ առնվազն մեր հայրենակիցները եկամուտների նվազում են ունենալու:
«Այդ պարագայում ակնկալել, որ հիպոթեքը կամ երկարաժամկետ վարկավորման տեսակները նույն թափով շարունակելու են աճել կամ լինել, մի քիչ լավատեսական է»,- նշեց նա:
ԿԲ նախագահի խոսքով, պետությունը պետք է ունակ լինի իրականացնել պետական ծախսումներ, հիմնականում պետական կապիտալ ծախսումներ, որոնք թույլ կտան ՀՆԱ-ի ներուժային մակարդակը որոշակիորեն վերականգնել ու հասցնել այն մակարդակի, որը կար մինչև կորոնավիրուսի համավարակն ու 44-օրյա պատերազմը:
«Եթե մեր տնտեսությունում ինչ-որ բան կա, որ ինձ չափազանց մտահոգում է, կապիտալ ծախսումների թերկատարումն է: Մենք որպես պետություն պետք է ունակ լինենք իրականացնելու որակյալ կապիտալ ներդրումներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն պոտենցիալը բերել այն մակարդակին, որը ունեինք, նաև էականորեն դրական կազդի մասնավոր հատվածի շահութաբերության վրա»,- ասաց Մ.Գալստյանը:
Նա նաև հայտնեց, որ 2020 թ. նոյեմբեր-դեկտեմբերին համակարգից ավանդների որոշակի արտահոսք եղել է, բայց ոչ մեծ ծավալի, վարկերի մասով էլ, նախորդ տարիների համեմատ, մասնավորապես, դեկտեմբերին, չափավոր է եղել:
Մ. Գալստյանը նշեց, որ տնտեսության այն ճյուղերն են մասամբ քիչ վարկավորվել, որոնք հիմնականում ստացել էին կորոնավիրուսի համավարակի հարվածները: Նա նաև ասաց, որ սպառողական վարկավորման որոշակի նվազում կա:
Հարակից հրապարակումներ`
- 12-ամսյա բնականոն գնաճն ավելացել է՝ կազմելով 3.6 տոկոս. ԿԲ նախագահ
- Հայաստանում 2020 թվականին տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 7.5%-ով
- ԿԲ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով
- Սպասվում է պետական պարտք-ՀՆԱ 50-60% հարաբերակցություն. Ատոմ Ջանջուղազյան
- 2020 թվականին պետական պարտք-ՀՆԱ հարաբերությունը կլինի 50 տոկոսից ցածր
Լրահոս
Տեսանյութեր



