Թբիլիսահայերը Բուն Բարեկենդանը նշել են հարիսայի փառատոնով
Երեկ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով նշվել է Տյառնընդառաջը և Բուն Բարեկենդանը: Տոնական օրը Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներում նշանավորվել է Սուրբ և Անմահ Պատարագով: Թբիլիսիի Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ Սուրբ Պատարագ է մատուցել արժանապատիվ Տեր Սամվել քահանա Թորոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Վիրահայոց թեմի պատոնական կայքից։
Բուն Բարեկեդանին էր նվիրված նաև ավանդական հարիսայի փառատոնը, որը թեմի առաջնորդարանի և «Հայարտուն» ու «Հովհաննես Թումանյանի տուն» կենտրոնների աջակցությամբ կազմակերպել էր Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը: Թբիլիսահայ համայնքում այս փառատոնը անց է կացվում 2012 թվականից անընդմեջ, տարեցտարի ընդարձակվելով այն վերածվել է ժողովրդական տոնահանդեսի:
Չնայած քաղաքային տրանսպորտի բացակայությանը, բազմամարդ է եղել եկեղեցու բակը: Միջոցառմանը ներկա են եղել հոգևոր հայրերը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի անդամներ: