![](https://panorama.am/news_images/818/2452753_1/rm_9758.thumb.jpg)
Ռադիկ Մարտիրոսյան. Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա
Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) տեղի է ունեցել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագծի վերաբերյալ քննարկում ԳԱԱ նախագահության անդամների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանի, ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի և նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանի մասնակցությամբ:
ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանն իր ելույթում նշել է. «Գիտության մասին այդպիսի օրենքի անհրաժեշտություն այսօր չկա, որովհետև կա արդեն գործող երկու օրենք՝ «Գիտական և գիտատեխնիկական քաղաքականության մասին» ՀՀ օրենք, մյուսը՝ «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենք: Եթե այդ երկու օրենքներում կան խնդիրներ, որոնք չեն նպաստում գիտության զարգացմանը, կարելի է առաջին հերթին այդ օրենքներում փոփոխություններ մտցնել»:
ԳԱԱ տարածած հաղորդագրության համաձայն, նա նշել է, եթե հնարավոր լիներ գիտության ֆինանսավորումն ավելացնել, դա ավելի կնպաստեր գիտության զարգացմանը, քան օրենք մշակելը:
«1991թ-ից մինչև հիմա Հայաստանում գիտության ֆինանսավորում չի եղել: Չնչին ֆինանսական միջոցներով հնարավոր է եղել պահպանել գիտական կազմակերպությունները»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:
Չնայած սուղ ֆինանասավորմանը՝ ԳԱԱ 12 կազմակերպություն ընդգրկված է գիտական ամսագրերի, գրքերի և գիտաժողովների աշխատանքներին հղում կատարող տվյալների ամենամեծ շտեմարան Scopus-ի՝ ըստ գիտական նվաճումների դասակարգած աշխարհի 8800 գիտական կազմակերպությունների ցանկում:
Ռադիկ Մարտիրոսյանը նշել է, որ, ըստ օրինագծի հիմնավորման, ակադեմիական ինստիտուտներն ինքնուրույն չեն, ազատ չեն իրենց կառավարման համակարգում:
«ԳԱԱ ինստիտուտների կոլեկտիվներում անցկացվեցին քննարկումներ և փակ գաղտնի քվեարկություն: Արդյունքում մասնակիցների 90 տոկոսը դեմ եղան ակադեմիայի համակարգից դուրս գալուն: Վատ է, որ այդ օրենքը գրելուց ակադեմիայի համակարգից մարդ չի մասնակցել»,- ասել է Ռադիկ Մարտիրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
![ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց](https://panorama.am/video_images/17/50276_1/f66a0f86157c73_66a0f86157cb2.png)
![Կոնկրետ թիրախավորված է Գերասիմ Վարդանյանը. Փաստաբան](https://panorama.am/video_images/17/50265_1/f669fa592e5df9_669fa592e5e49.jpg)