ՃՈ. Շատ են դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք վարում են ոչ սթափ վիճակում
Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության խախտումների դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ դեռևս բավական շատ են այն դեպքերը, երբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձինք տրանսպորտային միջոցը վարում են ոչ սթափ վիճակում։
ՃՈ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելն առաջացնում է քրեական պատասխանատվություն։
«Վարելու իրավունք չունեցող անձանց վերստին հորդորում ենք խուսափել տրանսպորտային միջոց վարելուց, հատկապես՝ ոչ սթափ վիճակում»,-նշում են ոստիկանությունից։