Աղաբաբյան. Եթե զինծառայողների արարքին կոշտ գնահատական չտրվի, դա բերելու է բանակի թուլացմանը
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը, անդրադառնալով զինծառայողների հետ կապված միջադեպին, գրում է.
«Անցած գիշեր Արարատի մարզի ՊՆ N զորամասում մի խումբ զինծառայողներ և նրանց ծնողներն ու հարազատները «բունտ» են բարձրացրել, փորձել են խոչընդոտել արձակուրդի եկած պարտադիր ժամկետային զինծառայողների վերադարձն Արցախ՝ իրենց զորամասեր։
Զինվորները հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, մի քանիսն էլ, օգտվելով ստեղծված իրավիճակից, դասալքել են՝ փախնելով զորամասի տարածքից։
Ճիշտ է, ՊՆ-ն հանդես եկավ հայտարարությամբ և հայտնեց, որ տեղի ունեցածի կապակցությամբ զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է ծառայողական քննություն, բայց․․․
Տեղի ունեցածի կապակցությամբ շատ կոշտ իրավական գնահատական պիտի տրվի։ Բոլոր մեղավորները՝ թե զինվորները, թե նրանց հարազատները, թե պատկան մարմինները, եթե նրանք բացթողումներ ունեն, պիտի խստագույնս պատիժ կրեն, այլապես բանակում նման միջադեպերը շարունակվելու են։
Հիշեցնեմ, որ նման դեպքեր մեր Զինված ուժերում երբեք չեն եղել։ Դրանք սկիզբ առան 2018-ից,
․ երբ 2018-ի ապրիլի 23-ին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի մի խումբ զինծառայողներ դասալքեցին և միացան ցուցարարներին ու չպատժվեցին, իսկ նրանց հրամանատար Վաղինակ Սարգսյանը պատժվելու փոխարեն նոր պաշտոն ստացավ ու նշանակվեց ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի հրամանատար,
․ երբ 2019-ի մարտի 17-ին Մեղրիի զորամասի զինվորները դասալքեցին ու այդպես էլ խստագույնս չպատժվեցին, պարզապես տեղափոխվեցին այլ զորամասեր։
Եթե այս անգամ էլ հնարավորինս արագ և շատ կոշտ իրավական գնահատական չտրվի, նման դեպքերը, ինքնիրավչության դրսևորումները, կամայականություններն ավելի հաճախակի են դառնալու, ինչն անխուսափելիորեն բերելու է բանակի թուլացման ու աստիճանական կազմաքանդմանը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին