«Մենք չենք ուզում, որ մեր երեխաներին տանեն Արցախ». զինծառայողների ծնողներ
Այսօր վաղ առավոտից մի խումբ ժամկետային զինծառայողների ծնողներ ՊՆ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով, որ իրենց՝ արձակուրդ եկած երեխաներին այլևս չտանեն Արցախ, այլ թողնեն, որ վերջիններս ծառայեն ՀՀ տարածքում։
«Մենք չենք ասում, որ մեր երեխաները չծառայեն, սուտ է, թե նրանք փախուստի են դիմում, կամ դասալիք են, մենք ուզում ենք, որ նրանք մնան և ՀՀ սահմանում ծառայեն»,- ասաց տղաներից մեկի մայրը։
Ծնողներից մեկն էլ նշեց՝ իրենց երաշխիքներ են պետք, որ իրենց որդիները ճանապարհին գերի չեն ընկնի։
«Տղաները բոլորն էլ զինվորական հագուստներով այստեղ կանգնած են, սուտ լուրեր եք տարածում, թե նրանք փախած են։ Ոչ ոք չի փախել, մենք համաձայն չենք, որ իրենք գնան ԱՀ։ Եթե ինչ-որ մեկը կգա, կերաշխավորի, որ մեր երեխաները գերի չեն ընկնի, մեզ էլ իրենց հետ կտանեն, որ երեխաներին հասցնենք Արցախ, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնի։ Թող մեզ էլ տանեն, ու մեր երեխաներին էլ թող տանեն բաց պատուհաններով մեքենաներով, զինվորական համազգեստով»,- նկատեց նա։
Ակցիա իրականացնող մայրերից մեկն էլ հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են իրենց երեխաներին սպորտային համազգեստներով տանում, եթե օրենքի խախտում չկա, ապա ինչո՞ւ թույլ չեն տալիս, որ տղաները իրենց համզգեստով գնան Արցախ, ինչպես գնացել են բանակ զորակոչվելիս։
«Ես իմ երեխային Ֆիզկուլտ ինստիտո՞ւտ եմ ուղարկել, որ ֆիզկուլտուրայի համազգեստով գնան։ Թող նորմալ ռազմական մեքենաներով տանեն երեխեքին, շինանյութի մեքենաներով են տանում, առանց ապակիների մեքենաներով, երեխեքը խեղդվում են։ Իմ երեխան 44 օր պայքարել է, արյունն ու մահն աչքերի առաջ են եղել, իր ընկերների մահն է տեսել, հիմա ինչո՞ւ են էդ մեքենաներով տանում, կարո՞ղ է իմ երեխան ապրանք է, կարտոշկա է»,- ասաց ծնողը։
Ինչ վերաբերում է ՊՆ-ի երեկվա հաղորդագրությանը, որ մի խումբ զինվորներ, ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր, ապա ծնողներից մեկը պնդեց, որ դրանք սուտ լուրեր են։
«Դա և՛ այդ երեխաներին է վիրավորում, և՛՝ ծնողին։ Մեր երեխաներն ամսի 28-ին ներկայացել են հավաքակայան, որ իրենց տանեն, ոչ ոք չի հրաժարվել։ Իմ տղան խնդիր է ունեցել բուժման, բայց ասաց՝ պիտի գնան։ Իմ երեխան ճանապարհից զանգել ասել է, որ իրենց հետ են բերում, քանի որ հրաման կա, թե զինվորներին չպետք է Արցախ տանեն։
Մեր երեխաներին տարել են Արարատի զոդ։ Այդ օրվանից սկսվեց կաշմառը։ Ամեն օր նոր բան, ոչ մի անգամ մեզ չասացին, որ արդեն ամեն ինչ լավ է, որոշված է, հստակ է։ Ւսկ Մարտունի 3-ի սպաները գալիս ու ասում են, որ երեխաներին պետք է քաղաքացիական հագուստով տանեն, չգիտեն՝ ինչ կլինի։ Հիմա եկել ու լուր են տարածում, թե մենք չենք թողնում, Ղարաբաղում եղած երեխաների ծնողներն էլ մեզ անիծում են։ Բայց, եթե մեզ երաշխիք չեն տալիս, որ մեր երեխաները գերի չեն ընկնի, ապա ինչպե՞ս թողենք»,- հարց հնչեցրեց մայրը։
Հարակից հրապարակումներ`
- Այս ինչ բարոյալքության, անվստահության միջավայր ձևավորեցիք. Տիգրան Աբրահամյան
- Մի խումբ զինվորներ, ծնողների դրդմամբ, հրաժարվել են մեկնել իրենց մշտական տեղակայման վայրեր. ՊՆ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ