Բեռնարդ Քուշները՝ ԵՊԲՀ պատվավոր դոկտոր
Երևանի պետական բժշկական համալսարանն այսօր հյուրընկալել է աշխարհում մեծ ճանաչում ունեցող «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ, Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշներին, «Solidarités International» կազմակերպության հիմնադիր Ալան Բուանեին և Ֆրանսիացի հետազոտողների միության (Société des Explorateurs Français) նախկին նախագահ, ֆրանսիացի գրող Պատրիս Ֆրանսեսկին:
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ողջունելով ներկաներին՝ նշել է, որ այս կազմակերպություններն ու նրանց հիմնադիրները տարիներ շարունակ կարևոր ներդրում են ունեցել Հայաստանում և այժմ էլ պահպանում են գործընկերային հարաբերությունները:
«Այս օրերին էլ նրանք շարունակում են իրենց գործունեությունն Արցախում»,-ասել է ռեկտորը՝ տեղեկացնելով, որ Բեռնարդ Քուշներին Երևանի պետական բժշկական համալսարանի պատվավոր դոկտորի կոչմանն արժանացնելու նպատակով միջնորդություն է ներկայացրել բուհի «Նոմինացիոն կոմիտե»:
Համալսարանի տարածած հաղարդագրության համաձայն, գիտական խորհրդի որոշմամբ՝ Բեռնարդ Քուշներն արժանացել է ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչման:
Հանդիսավոր արարողությունից հետո անցկացվել է «Գլոբալ և տարածաշրջանային ճգնաժամի կառավարում» թեմայով քննարկում, որի ընթացքում բանախոսներն անդրադարձել են, թե ինչպես պետք է կառավարել և բարելավել ճգնաժամից տուժած համայնքներում հանրային առողջապահությանն առնչվող խնդիրները, այդ թվում՝ ինչպես ավելի լավ նախապատրաստվել ճգնաժամերին և ապահովել արագ վերականգնում: