Զախարովա․ Ի՞նչ ենք ուզում՝ Արցախում տուրիզմի զարգացում, թե՞ փախստականների վերադարձ
Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության հիմնական խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան հարցին, թե իբր խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտքը Ղարաբաղ: Այս մասին գրում է Tass-ը։
«Մենք պարզապես պետք է ինքներս մեզ մի հարց տանք. ի՞նչ ենք ուզում՝ այս փուլում զարգացնել տուրիզմը Արցախում, թե՞ փախստականների վերադարձը և նորմալ կյանքի հաստատումը: Ամենակարևորը կայուն խաղաղությունն է, մարդկանց վերադարձը և նորմալ կյանքի հաստատումը, ներառյալ փուլային անցումը դեպի այն հարցերի լուծումը, որոնց քանակը շատ է: Ռուս խաղաղապահները զբաղված են հենց այդ նպատակով»,- ասել է Զախարովան։
Զախարովան նշել է, իհարկե, բոլորն էլ կողմնակից են, որ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր մասերում, և զբոսաշրջիկները ճանապարհորդեն, բայց երկրի վրա կան իրողություններ, և կա իրական խնդիր, որի վրա պետք է կենտրոնանան բոլորը։