ՌԴ-ի հայերը պատերազմին օգնություն են ուղարկել Հայկ Սարգսյանի անունով, բայց ստացական չեն ստացել
Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրից մինչ այսօր Ռուսաստանի «Հայեր միացեք» նախաձեռնությունն՝ իր շուրջ 3700 անդամներով աջակցություն է ցուցաբերում ՀՀ-ին և Արցախին։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց նախաձեռնության անդամ Բադալ Պարյանը։
Նա տեղեկացրեց, որ մոտ 3700 Արցախից տեղահան եղած ընտանիքի իրենք հագուստ ու սնունդ են տրամադրել։ Բայց, նրա խոսքով, իրենք մի մեծ խնդիր ունեն, քանի որ խումբը ուղղակի բարեգործական նպատակներով է բացվել ու ֆեյսբուքյան չաթի միջոցով են հիմնական ծրագրերի մասին խոսվել, թղթաբանությամբ զբաղվելու հարցը մնացել է բաց։
«Մեզ ասել են, որ եթե մի մարդու անունով ուղարկենք այդ ամբողջ հավաքագրված ապրանքն ու ինքը հրաժարվի ընդունել, խնդիր կառաջանա։ Ասել են, որ մի լավ տղա կա, դեպուտատ Հայկ Սարգսյանը, պետք է անպայման իր անունով ուղարկվեն ապրանքները։ Մենք նոտարով հաստատված ուղարկում ենք ապրանքները։
Ես գալիս եմ ՀՀ, գնում եմ, որ ստացական ստանամ, մոտ 4 ֆուռ ապրանքի համար, ինձ «ԱԻՆ»-ից ասում են, որ ստացական չեն կարող տալ, քանի որ ապրանքն ուղարկվել է Հայկ Սարգսյանին։ Ասում եմ՝ ոնց կարող է էդպես լինի, ինձ ստացական է պետք, ես պետք է 3700 մարդու հաշվետվություն տամ։ Հետագայում պարզում եմ, որ չկա նման օրենք, որ մենք պարտադիր պիտի պատգամավորի անունով ուղարկեինք բեռները, թեև ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը մեզ այդպես էին ասել»,- պատմեց Բադալ Պարյանը։
Նա տեղեկացրեց, որ ամբողջ պատերազմի ընթացքում բացի հումանիտար օգնությունից նաև գումար են փոխանցել հիմնադրամին։
«Մենք այն մարդկանցից ենք, որ մինչև վերջ պետք է գնանք, ու բոլորը պիտի պատասխան տան, թե ինչ բեռ է եկել ու ինչ քանակությամբ։ Մենք ղեկավարությունից շատ մեծ բան չենք պահանջում։ Եթե պատերազմում մենք ունեինք 50 000 զորք, Ռուսաստանից, եթե, օրինակ, եկել է 30 000 զրահաբաճկոն, սաղավարտ, կապի միջոցներ, ինչի համար են մարդիկ առանց դրանց մնացել»,- նշեց նա։
Նա տեղեկացրեց, որ Հայկ Սարգսյանի հետ հաջողվել է կապ հաստատել, և նա չի հրաժարվել ստացականները հետ տալ, բայց քանի որ այդ պահին իրենց խնդիրը լուծված է եղել, իրենք չեն խորացել մանրամասների մեջ։
«Բայց վերջերս, երբ տեսա նորությունները, որ հիմնադրամի փողերով առել են մեր նման մարդկանց ուղարկած ապրանքները կամ այլ նորություններ, փորձեցինք հասկանալ, թե խնդիրն ինչումն է, ու տեսանք, որ մեր թղթերի մեջ Հայկ Սարգսյանի անունն է գրված»,- ասաց նա։
Նա նաև ասաց, որ իրենց ուղարկած բեռներից այն է հասել զինվորներին, ինչ իրենք են սեփական ձեռքերով հասցրել, մնացածից տեղյակ չեն։
«Ու շատ մարդիկ ասում են՝ պետք չի խորանալ, պետք չի քաղաքականացնել ամեն ինչ։ Բայց դե այստեղ քաղաքականացման հարց չկա, մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում, ինչ ու ինչքան է հասել»,- նկատեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ