Սահմանադրությունը թույլ չի տալիս ընդդիմությանն իրավական ճանապարհով հասնել իշխանափոխության. Մարկարով
«Հայկական իշխանական էլիտայի ճեղքվածքը ջրի երես է դուրս գալիս»,- «Նովոստի Արմենիա» մամուլի կենտրոնում հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով հայաստանյան վերջին զարգացումները:
Բանախոսը բացատրեց, որ 2018 թ-ից հետո հեղափոխականները համագործակցել են վարչական ռեսուրսի հետ և հիմա այդ թևերի միջև ջրբաժան է ձևավորվել, իսկ պաշտպանության ոլորտի էթիկայի առանձնահատկությունները թույլ չէին տալիս, որ այդ հակասությունները հրապարակայնացվեին:
Իսկանդարյանը համոզված է, որ 2018 թ-ից հետո բանակի և իշխանության միջև հակասությունը միշտ էլ եղել է, իսկ պատերազմի ընթացքում այն հասել էր գագաթնակետին:
Վերլուծելով իրավիճակը՝ բանախոսը նկատեց, որ Սերժ Սարգսյանն իր հարցազրույցում նշեց, որ պատերազմի ելքի մեջ մեղավոր է միայն գործող իշխանությունը, դրան հետևեց «Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը, որը մասնագիտական չէր և բերեց հայոց բանակի ընդվզմանը:
Իսկանդարյանը չի ընդունում, որ զինվորական հեղաշրջման փորձ է տեղի ունեցել, քանի որ սովորաբար հեղաշրջումների ժամանակ նման հայտարարությունից 15 րոպե անց բանակի մարտական մեքենաները կանգնում են փողոցներում, իսկ այս դեպքում միայն հայտարարություն է արվել:
Ըստ քաղաքագետի՝ իշխանությունը սկզբում վտանգ տեսավ և համաձայնեց արտահերթ ընտրություններ իրականացնել, բայց հետո, երբ տեսավ, որ ընդդիմությունը չի կարողանում փողոցով իշխանափոխություն անել՝ հրաժարվեց ընտրությունների գաղափարից:
«Սահմանադրությունը և Ընտրական օրենսգիրքը բացառում են Փաշինային իրավական ճանապարհով հեռացումը և այն կարելի է անել միայն փողոցի միջոցով»,- հայտարարեց Ալեքսանդր Իսկանդարյանը և կանխատեսեց, որ իրավիճակը բարդանալու է, քանի որ Փաշինյանի վարկանիշն ընկնում է, տնտեսական վիճակը վատանում է, իսկ Արցախի հարցը մնում է:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովն էլ նկատեց, որ իշխանությունները Հայաստանում հասարակությանը բաժանել են բևեռների և եթե այն շարունակվի խորանալ, ապա առճակատումը չի բացառվում:
Ըստ Մարկարովի՝ իրավիճակը նման է 2008 և 2018 թթ-ի զարգացումներին, բայց կան գործիչներ, որոնք կարող են կանխել առճակատումը:
«Իշխանավորները չեն ցանկանում հանձնել իշխանությունը, իսկ ընդդիմությունը չի կարողանում արձանագրել հաջողություն, քանի որ Սահմանադրությունը թույլ չի տալիս իրավական ճանապարհով հասնել դրան, իսկ արտախորհրդարանական ճնշումները դեռ չեն ապահովել այն ծավալը, որ հարցը լուծվի»,- հայտարարեց Ալեքսանդր Մարկարովը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ