ՄԱԿ-ում Մյանմայի դեսպանի հայտարարությունից հետո ռազմական իշխանությունները 100 դիվանագետներ հետ են կանչել
Մյանմայի ռազմական իշխանությունները 100 դիվանագետների հետ են կանչել աշխարհի 19 երկրներում գտնվող իր դեսպանատներից՝ ՄԱԿ-ում Մյանմայի ներկայացուցչի`Չժո Մո Տունի սկանդալային ելույթից հետո, որը Նյու Յորքի ՄԱԿ-ի կենտրոնակայանի ամբիոնից հայտարարեց երկրի նոր կառավարության հետ իր հարաբերությունների խզման մասին և կոչ արեց բոլոր ժողովուրդներին և աշխարհի կառավարություններին՝ դեմ լինել փետրվարի 1-ին Մյանմայում զինվորականների հեղաշրջմանը։ Այս մասին գրում է Ria-ն։
Մյանմայի արտաքին գործերի նախարարության համապատասխան փաստաթղթով Մյանմայը հետ է կանչում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ավստրիայի, Իտալիայի, Բրազիլիայի, Ֆրանսիայի, Նորվեգիայի, Բելգիայի, Սերբիայի, Չինաստանի, Ճապոնիայի, Հնդկաստանի, Սինգապուրի, Թայլանդի, Հոնկոնգի, Ինդոնեզիայի, Կամբոջայի, Հարավային Կորեայի և Ֆիլիպինների դեսպանությունների խորհրդականներին և քարտուղարներին:
Միևնույն ժամանակ, մոտ 50 դիվանագետներ, որոնք ներկայումս աշխատում են Նայպիդավայի արտաքին գործերի նախարարությունում, կգործուղվեն այս երկրներ՝ հետ կանչված գործընկերներին փոխարինելու համար:
ՄԱԿ-ում Մյանմայի դեսպանը ռազմական իշխանությունների կողմից արդեն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և մեղադրվել պետական դավաճանության մեջ։ Դիվանագետների զանգվածային հետ կանչումը պայմանավորված է նրանով, որ ՄԱԿ-ում դեսպանի ելույթից հետո արտերկրում աշխատող միանմայցի շատ դիվանագետներ սկսեցին միանալ Մյանմայում արդեն մեկ ամիս տեղի ունեցող քաղաքացիական անհնազանդության արշավին և դադարեցնել աշխատանքը նոր կառավարության համար։
Զինվորականները Մյանմայում իշխանության եկան փետրվարի 1-ին՝ ձերբակալելով երկրի քաղաքացիական առաջնորդներին և բացատրելով նրանց գործողությունները 2020-ի նոյեմբերի 8-ին կայացած ընդհանուր ընտրությունների արդյունքների ենթադրյալ կեղծիքներով, որոնք երկրի քաղաքացիական իշխանությունները բազմիցս հրաժարվել են հետաքննել:
Նշվում է, որ զինվորականները երկրում արտակարգ դրություն են հայտարարել մեկ տարի ժամկետով և խոստացել են անցկացնել նոր ընտրություններ՝ արտակարգ դրության ժամկետի ավարտից հետո և իշխանությունը փոխանցել հաղթող կողմերին:
Կիրակի օրը Մյանմայում բողոքի ցույցերի արդյունքում զոհվել է 17 մարդ: