Իրանի ԱԳՆ-ն հերքում է նավի պայթյունի մեջ իրեն ուղղված Իսրայելի մեղադրանքները
Իրանի արտգործնախարարությունը կտրականապես հերքում է Օմանի ծոցում իսրայելական նավի վրա հարձակմանը Թեհրանի մասնակցության մեղադրանքները, որը հնչեցրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին երկուշաբթի մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն:
«Մենք ոչ միայն կտրականապես հերքում ենք մեղադրանքները, այլ նաև վերահսկում ենք այս պետության (Իսրայելի) բոլոր գործողությունները Իրանի անվտանգության դեմ»,- ասել է նա:
Դիվանագետը հավելել է, որ տարածաշրջանում անկայունության և անապահովության հիմնական պատճառն Իսրայելի ռեժիմն է:
Երկուշաբթի օրը Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մեղադրել էր Իրանին անցյալ շաբաթ Օմանի ծոցում հրեական պետական Helios Ray նավի վրա հարձակման մեջ: Նա հայտնել էր՝ կասկած չունի, որ այն իրանական գործողություն էր:
Ուրբաթ օրը Միացյալ Թագավորության ծովային առևտրի կազմակերպությունը հաղորդել էր Օմանի ծոցում գտնվող նավի վրա տեղի ունեցած պայթյունի մասին, և հայտնել, որ ոչ ոք չի տուժել: Իր հերթին, «Reuters»-ը, հղում անելով ծովում անվտանգության հարցերով զբաղվող բրիտանական Dryad Global ընկերությանը, հայտնել էր, որ խոսքը Helios Ray նավի մասին է, որը Սաուդյան Արաբիայի Դամամ նավահանգստից շարժվում էր դեպի Սինգապուր: Գործակալության տվյալներով՝ նավը պատկանում է Թել Ավիվում գործող ընկերությանը, որն օգտագործվում է ավտոտրանսպորտային միջոցների տեղափոխման համար: