Արարատ Միրզոյանը դիմել է Մատվիենկոյին՝ Ադրբեջանից 2 հայ կանանց վերադարձնելու խնդրանքով
«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Հայաստանի ղեկավարությունից, իմ գործընկերոջից որևէ հարցում խնդրանքներ չեն եղել: Մենք երբեք չենք խառնվում ինքնիշխան պետությունների գործերին: Եվ մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, ուժերին և երկրի ղեկավարությանը՝ ամեն ինչ անել, որպեսզի իրադարձությունները կարգավորվեն խաղաղ ճանապարհով, ներքին օրենսդրությանը համապատասխան:
Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին և շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կայունանա: Սա կարևոր է բուն Հայաստանի, հայ ժողովրդի համար, կարևոր է նաև ընդհանուր առմամբ տարածաշրջանում կայունության համար»,- այս մասին ասել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ պատասխանելով Ռիա Նովոստիի հարցին, թե արդյոք օրերս ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում վերջինս դիմել է իրավիճակի հետ կապված աջակցության ինչ-որ հարցով։
Մատվիենկոն նշել է, որ Արարատ Միրզոյանն իրեն խնդրել է միայն աջակցել երկու հայ կանանց՝ Ադրբեջանում գերությունից վերադարձնելու հարցով։
«Մեր զրույցի ընթացքում իմ գործընկեր Արարատ Միրզոյանը խնդրեց ինձ միայն աջակցել երկու հայ կանանց վերադարձնելուն, որոնք այժմ համարվում են ռազմագերիներ, չնայած նրանք կապ չունեին իրադարձությունների հետ: Ես արդեն հեռախոսազրույց եմ ունեցել Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Ջաֆարովայի հետ: Ես դիմեցի նրան՝ դիտարկելու կանանց տուն վերադարձնելու հնարավորությունը: Քանի որ, երբ խոսքը վերաբերում է կանանց, սա հատկապես զգայուն է, որպես կանոն, նրանք մայրեր են, երեխաներ ... Սա շատ տագնապալի է: Հուսով եմ ՝ ադրբեջանական կողմը կարձագանքի խնդրանքին»,- ասել է Մատվիենկոն:
Հարցին, թե մտավախություն կա՞, որ այն, ինչ այժմ կատարվում է Երևանում, կարող է ազդել նոյեմբերի 9-ի համաձայնագրի կյանքի կոչման վրա, Մատվիենկոն ասել է, որ մեծ հույս ունեն, մեծ հույս են դնում Հայաստանի ղեկավարների պատասխանատվության վրա:
«Ինչ իրադարձություններ էլ տեղի ունենան, պետք է շարունակություն լինի: Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այս համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության: Դա չպետք է թույլ տրվի»,- ասել է Մատվիենկոն: