Այն փորձությունը, որը նա բերեց Արցախի գլխին, նույնը կբերի նաև Հայաստանի գլխին․ Գ․ Մինասյան
Եթե դրանք տեղի ունենան Նիկոլ Փաշինյանի օրոք, ապա երկիրը ճգնաժամից դուրս չի գա։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ կուսակցության ներկայացուցիչ Գագիկ Մինասյանը՝ պատասխանելով արտահերթ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցին։
«Փաշինյանը հրաժարական կտա, կստեղծվի ժամանակավոր կառավարություն և արդեն այդ կառավարության օրոք տեղի կունենան ընտրությունները։ Ինքը մի քանի օր առաջ ցույց տվեց, թե ինչ մեթոդներով է անցկացնելու այդ արտահերթ ընտրությունները՝ կեղծիք, պարտադրանք ու շանտաժ։ Այն փորձությունը, որը նա բերեց Արցախի գլխին, նույնը կբերի նաև Հայաստանի գլխին»,–ՀՀԿ ներկայացուցիչը։
Ինչ վերաբերում է Արմեն Սարգսյանի հանդիպմանն ու հնարավոր որոշմանը, ապա Մինասյանի դիարկմամբ ՝
«Մարտի 3–ը չափազանց կարևոր օր է երկրում տիրող ճգնաժամի հաղթահարման տեսակետից։ Դեռ ժամանակ կա, որ նախագահը այդ հրամանագիրն ուղարկի Սահմանադրական դատարան։ Ենթադրում եմ, որ Փաշինյանը նախագահի հետ հանդիպման ժամանակ հորդորելով կամ պահանջելով՝ պնդել է, որ նա այդ հրամանագիրը չուղարկի ՍԴ։ Հույս ունեմ, որ «Հայրենիքի փրկության շարժման» պատվիրակության հանդիպումները նախագահի հետ կհանգեցնեն կառուցողական զարգացումների»։