Իտալիայի խորհրդարանում հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին
Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձևին:
Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ բանաձևում նշված է․
« III հանձնաժողովը հաշվի առնելով, որ.
1) 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել են եռակողմ հայտարարություն` վերջ տալու համար երկու կովկասյան երկրների միջև տասնամյակների հակամարտությանը, որը վերսկսվել էր 2020թ. սեպտեմբերի 27-ին,
2) հայտարարության ընդունումից հետո երեք կողմերի ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են, այդ թվում` քաղաքական բարձր մակարդակով, հայտարարության բոլոր կետերի, այդ թվում` տրանսպորտի և հաղորդակցությունների հետ կապված դրույթները կյանքի կոչելու հեռանկարները քննարկելու համար.
3) հայտարարության 8-րդ կետը կողմերին պարտավորեցնում է իրականացնել ռազմագերիների, պատանդների և պահվող բոլոր այլ անձանց, ինչպես նաև մարմինների փոխանակում,
4) հայկական կողմը հայտարարում է, որ վերադարձրել է ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, ինչպես նաև հանցագործությունների համար դատապարտվածներին,
5) ադրբեջանական կողմը պնդում է, որ կատարել է եռակողմ հռչակագրի պարտավորությունները և հանձնել պատերազմից առաջ և պատերազմի ընթացքում ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին,
6) Ադրբեջանը դեռևս պահում է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ձերբակալված մի քանի տասնյակ հայերի,
7) 2021 թ. փետրվարի 2-ին Եվրոպական միության պատվիրակության Հարավային Կովկասի Նախագահության համատեղ հայտարարությունում, որը ստորագրել էին Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցերով Եվրախորհրդարանի մշտական զեկուցող Զելյանա Զովկոն, ասվում է, որ «հրադադարի մասին համաձայնագրերի ամբողջական կատարումն անհրաժեշտ առաջին քայլն է, և ցավալի է, որ ռազմագերիների փոխանակումը դեռևս չի ավարտվել»,
8) նաև Եվրահանձնաժողովի Արտաքին գործերի ծառայությունը, ի դեմս Եվրամիության արտաքին հարցերով խոսնակ Պիտեր Ստանոյի, պահանջել է անհապաղ ազատ արձակել գերիներին,
9) Մարդու իրավունքների եվրոպական ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Սիգելեն հայտարարել է, որ ցանկացած մարդ, ով զինված հակամարտության հետ կապված պատճառներով զրկվել է ազատությունից, պետք է ազատ արձակվի ռազմական գործողություններից հետո՝ առանց որևէ նախապայմանի.
Պարտավորեցնում է կառավարությանը
▪ հորդորել ազատ արձակել 2020 թվականի նոյեմբերի 9-ից առաջ և դրանից հետո ձերբակալված բոլոր ռազմագերիներին,
▪ խրախուսել կողմերին կառուցողական կերպով աշխատել տարածաշրջանում ականազերծման գործողություններին նպաստելու համար` հորդորելով նրանց միմյանց տրամադրել ականապատ տարածքների քարտեզները,
▪ բոլոր համապատասխան ատյաններում աջակցել ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության նախաձեռնություններին, որոնք ուղղված են 2020թ. նոյեմբերի 9-ի համաձայնագրի լիարժեք իրականացմանը,
▪ հորդորել ավելի մեծ դերակատարում ունենալ Մինսկի խմբի համանախագահության կողմից կողմերի միջև բանակցությունները խթանելու համար` ուղղված Կովկասում երկարատև անկայունության տևական և վերջնական լուծմանը.
▪ հաշվի առնելով երկու կողմերի հետ Իտալիայի ունեցած գերազանց հարաբերությունները՝ նաև համապատասխան կառավարությունների հետ երկկողմ շփումներում միջամտել` խթանելու համար վստահության ամրապնդման այլ միջոցառումներ՝ ապագա հաշտեցման և բանակցությունների վերսկսման համար պայմաններ ստեղծելու նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում