Հարութ Սասունյան. Արցախում «չպայթած» ռուսական հրթիռները քաղաքական պայթյուն առաջացրեցին Հայաստանում
Բառերն ունեն իմաստ և հետևանք, ինչպես հայտնաբերեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ անցյալ շաբաթ ասաց լրագրողին, որ ռուսական հզոր «Իսկանդեր» հրթիռները, որոնք ենթադրաբար արձակվել են Հայաստանի կողմից անցյալ տարվա նոյեմբերին Արցախյան պատերազմի ժամանակ, «չեն պայթել կամ պայթել են 10 տոկոսով»։ Այս տարօրինակ հայտարարությունը հնչեց ի պատասխան նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցի, որում նա հարցնում էր, թե ինչու Փաշինյանը չի հրամայել կիրառել «Իսկանդեր» հրթիռներն Արցախյան պատերազմի սկզբնական շրջանում:
Վարչապետի խիստ վիճահարույց հայտարարությունից մի քանի օր անց նրա խոսնակը հայտարարեց, որ Փաշինյանին «ճիշտ չեն զեկուցել ռուսական հրթիռների վերաբերյալ»: Բայց արդեն շատ ուշ էր՝ վնասը հասցվել էր։
Ոչ ոք չէր կարող կանխատեսել այն անսպասելի իրադարձությունների շղթան, որը հաջորդեց Փաշինյանի՝ «Իսկանդեր» հրթիռների արժանիքները կասկածի տակ դնող խոսքերին, որոնք Ռուսաստանը արտահանել էր բացառապես Հայաստան: Մեծ թվով ռուս ռազմական փորձագետներ և քաղաքական ղեկավարներ շատ կոշտ արձագանքեցին Փաշինյանի հայտարարությանը`այն համարելով որպես մեծապես գնահատված ռուսաստանյան հրթիռների ու նրա պաշտպանության արդյունաբերության հեղինակության վարկաբեկում:
Սակայն, Հայաստանի ներսում արձագանքը ոչ պակաս կործանարար էր: Երբ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին խնդրեցին մեկնաբանել «Իսկանդեր» հրթիռների չպայթելու մասին Փաշինյանի հայտարարությունը, նա ծիծաղալով պատասխանեց, որ դա հնարավոր չէ և անլուրջ է:
Վարչապետ Փաշինյանը, լսելով այս արձագանքի մասին, անմիջապես հրամայեց աշխատանքից հեռացնել Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին: Նախագահ Արմեն Սարգսյանը հավանություն տվեց նրա պաշտոնանկությանը՝ համաձայն Սահմանադրության մեջ նախանշված գործընթացի: Վարչապետը, անշուշտ, ծայրահեղորեն արձագանքեց Խաչատրյանի քամահրանքին, մանավանդ որ հենց ինքը՝ Փաշինյանն էր նրան նշանակել 2020 թ․ հունիսին և շնորհել հեղինակավոր «Ազգային հերոս» շքանշանը՝ Արցախյան պատերազմում ունեցած նշանակալի դերակատարության համար:
Ի պատասխան՝ Հայաստանի տասնյակ զինվորական բարձրաստիճան ղեկավարներ 2021 թ․ փետրվարի 25-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետի և նրա կառավարության հրաժարականը: Հայտարարությունը ստորագրել էին Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը և 40 բարձրաստիճան այլ սպաներ, ներառյալ 17 գեներալներ և բանակային բոլոր հինգ կորպուսների հրամանատարները: Ավելի ուշ իրենց ստորագրություններով միացան մի քանի այլ զինվորականներ և ոստիկաններ:
Զինվորականության հայտարարությունն արտահայտում էր իր «վճռական բողոքը» ընդդեմ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի «անհեռատես և չհիմնավորված» պատճառներով հեռացման՝ «առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա»:
Հայտարարության մեջ նշվում էր, որ «երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է: ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում: ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները․․․․
Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը․․․․»։
Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անմիջապես հայտարարեց Գլխավոր շտաբի պետին աշխատանքից հեռացնելու մասին: Վարչապետը զինված ուժերի հայտարարությունն անվանեց «ռազմական հեղաշրջման փորձ»՝ հորդորելով իր համակիրներին հավաքվել Հանրապետության հրապարակում, որտեղ միացավ նրանց և միգաֆոնը ձեռքին երթով շարժվեց Երևանի փողոցներով: Սա խիստ անպատասխանատու քայլ էր Փաշինյանի կողմից, որը հանդգնեց դուրս գալ փողոց՝ իր բնութագրմամբ, ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ, ինչը կարող էր հանգեցնել երկրի համար ողբերգական հետևանքների, եթե որևէ մեկը վնասեր նրան:
Այն բանից հետո, երբ Փաշինյանը հրամայեց ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, նախագահ Սարգսյանը, խորհրդակցելով քաղաքական համակարգի բոլոր կողմերի հետ, հրաժարվեց ստորագրել վարչապետի հրամանը՝ այն անվանելով հակասահմանադրական: Վարչապետն այնուհետև աշխատանքից ազատման երկրորդ պահանջը ներկայացրեց նախագահին։ Եթե նախագահը երկրորդ անգամ հրաժարվի հրամանը ստորագրելուց, ապա հարցը վերջնական որոշման համար կներկայացվի Սահմանադրական դատարան:
Հետաքրքիր է, թե ինչու նախագահը հավանություն տվեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին աշխատանքից ազատելու վարչապետի ավելի վաղ հրամանագրին, բայց հրաժարվեց ստորագրել Գլխավոր շտաբի պետին աշխատանքից ազատելու հրամանը: Ի վերջո, Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի «հանցանքը» եղել էր վարչապետի՝ ռուսական հրթիռների մասին հայտարարության վրա ծիծաղելը, մինչդեռ նրա ղեկավարը՝ Գլխավոր շտաբի պետը, պահանջում էր վարչապետի հրաժարականը:
Միաժամանակ, հայ զինվորականները այլ քայլեր չձեռնարկեցին վարչապետի պաշտոնանկության կոչից անդին, որը վարչապետը սխալմամբ որակեց որպես հեղաշրջման փորձ: Այնուամենայնիվ, հայտարարությունը կարող է դիտվել որպես միջամտություն քաղաքական գործերին, որը Սահմանադրության խախտում է: Ակնհայտ է, որ զինվորականությունը մտադիր է հասնել վարչապետի հրաժարականին՝ առանց որևէ ռազմական գործողության:
Ինչ վերաբերում է զինվորականների հայտարարության հակասահմանադրականությանը, ապա այս փաստարկն ունի հակափաստարկներ։ Զինվորականները հայտարարել են, որ նրանք այլևս չեն կարող լուռ մնալ, մինչ երկիրը գտնվում է կործանման եզրին: Հայաստանի ազգային շահը պետք է ունենա գերակա նշանակություն: Ի վերջո, զինվորականները ազգի անվտանգության պահապանն են: Ավելին, Փաշինյանը և նրա կողմնակիցները չեն կարող հանկարծ պնդել, որ իրենք Սահմանադրության պաշտպաններն են, երբ վերջին երեք տարվա ընթացքում հենց իրենք են ոտնահարել դրա դրույթներից շատերը:
Վարչապետը բազմիցս ճնշումներ է գործադրել դատարանների վրա և իր համախոհներին լցրել Սահմանադրական դատարանի կազմում՝ կառավարության կողմից ցանկալի դատավճիռներ ստանալու համար: Փաշինյանը և նրա պաշտպանները համանման ճնշում են գործադրել նախագահ Սարգսյանի վրա՝ ստորագրելու վարչապետի հրամանը։ Ճակատագրի հեգնանքով, Փաշինյանի կողմից հաստատված ժողովրդավարական սկզբունքները նրա իշխանության գալուն պես մոռացության մատնվեցին՝ երկիրը վերածելով մեկ անձի իշխանության՝ բռնապետության:
Հաշվի առնելով, որ վարչապետի կողմնակիցները ճնշող մեծամասնություն են խորհրդարանում, մյուս ձայները հիմնականում լռեցվել են: Իրավասու փորձագետների կառավարություն ստեղծելու բոլոր առաջարկներն անտեսվել են, որի արդյունքում Փաշինյանը մնացել է պաշտոնյաների ու խորհրդականների միջակ ու անիրազեկ կադրերի հետ:
Փաշինյանի միակ կարևոր հատկությունը նրա կոռումպացված չլինելն է, ինչը շատ դրական է, բայց ոչ բավարար՝ պետությունը նման փոթորկալից վիճակում առաջ տանելու համար: Ի վերջո, հայերը ոչ թե «սուրբ» են փնտրում, այլ իրավասու ղեկավար, որը կարող է լուծել երկրի առջև ծառացած բարդ խնդիրները:
Ավելին, Փաշինյանը և նրա հետևորդները միշտ չէ, որ վարվել են այնպես, ինչը հիմա են քարոզում։ Դեռ 2018 թվականին, երբ Փաշինյանի և նրա համախոհների կողմից տեղի ունեցան համատարած փողոցային բողոքի ցույցեր, մեծ թվով հայ զինվորներ անօրինական կերպով լքեցին իրենց զորանոցները և շարժվեցին ցուցարարների հետ միասին:
Չնայած սա ռազմական կանոնների խախտում էր և միջամտություն քաղաքականությանը, սակայն Փաշինյանը որևէ գործողություն չձեռնարկեց այդ զինվորների դեմ: Նման իրավիճակ ստեղծվեց 1998-ին, երբ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այն ժամանակ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին ստիպեց հրաժարական տալ: Ոչ ոք չբողոքեց, որ դա հակասահմանադրական էր:
Հայաստանում այս նոր ճգնաժամից կարճ ժամանակ անց, Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները հանդես եկան Հայաստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ինքնահաճո հայտարարություններով: Իմ կարծիքով, այս երկու երկրները, բռնապետերի գլխավորությամբ, չեն կարող մեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, առավել ևս` դասախոսություններ կարդալ հայերին ժողովրդավարության մասին: Թող նայեն իրենց հայելու մեջ և ձայները կտրեն:
Արցախյան պատերազմում մեր թշնամիներից կրած ջախջախիչ պարտությունից հետո հայերը չեն կարող իրենց թույլ տալ հարձակվել միմյանց վրա: Մենք պետք է ազգային շահը գերադասենք ամեն ինչից: Կորցնելով Արցախի մեծ մասն ու հազարավոր զինվորներ, մենք չենք կարող վտանգի ենթարկել և կորցնել Հայաստանը։
«Թավշյա հեղափոխության» առաջնորդ Փաշինյանը նախորդ շաբաթ չպետք է ասեր իր հետևորդներին, որ այլևս «թավիշ» չի լինի, որը կարող է մեկնաբանվել որպես սպառնալիք յուրաքանչյուրի համար, որը համաձայն չէ իր հետ: Եթե բանակը ևս ոչ թավշյա մոտեցում որդեգրի՝ արդյունքը ողբերգական կլինի ողջ հայ ժողովրդի համար: Լավագույն լուծումը կլինի այն, որ տարածքներ և հազարավոր զինվորներ կորցրած վարչապետը հրաժարական տա իր կամքով՝ առանց որևէ սպառնալիքի կամ բողոքի ցույցերի։
Հակառակ դեպքում, ռազմական ղեկավարները, պահանջելով Փաշինյանի հրաժարականը, կարող են ուժով կատարել իրենց պահանջը, որպեսզի իրենք չձերբակալվեն։ Նման խմբակային ձերբակալությունը կզրկի Հայաստանին իր ամբողջ ռազմական ղեկավարությունից: Ամիսներ անց, ավելի հանգիստ պայմաններում, խորհրդարանական նոր ընտրությունները պետք է տեղի ունենան մաքուր էջից, հուսով եմ՝ բացառելով Փաշինյանին և մյուս նախկին ղեկավարներին: Ժողովուրդն իրավունք ունի ձայների մեծամասնությամբ որոշել, թե ով պետք է լինի իր նոր ղեկավարը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Հարակից հրապարակումներ`
- Հարութ Սասունյան. Էրդողանի լարախաղն Արևմուտքի և Արևելքի միջև կարող է շուտով տապալվել
- Հարութ Սասունյան. Զգուշացում Հայաստանի ղեկավարներին. նորից մի՛ ընկեք թուրքական ծուղակը
- Հարութ Սասունյան. Ադրբեջանի ռուս արքեպիսկոպոսը հակահայկական հայտարարություններ է անում` Ալիևին հաճոյանալու համար
- Հարութ Սասունյան. Հայաստանի պարտված ղեկավարն անկարող է լուծել կորցրած պատերազմից առաջացած խնդիրները
- Հարութ Սասունյան. Թրամփը կարող է լինել ԱՄՆ առաջին նախագահը, որը երկու անգամ պաշտոնազրկվել է
- Հարութ Սասունյան. Պատերազմն Արցախում ղեկավարել են թուրք գեներալները
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան