Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուն դոկտորականը պաշտպանել է ՌԴ նախագահին կից ակադեմիայում
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ԱԺ-ի այսօրվա նիստում պատգամավորներին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին ԲԴԽ-ն կազմել է Վճռաբեկ դատարանի դատավորների առաջադրման ցանկ, որում ընդգրգվել է իրավաբանական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Արմեն Հակյանցի թեկնածությունը:
ԲԴԽ նախագահը հայտնեց, որ թեկնածուն ստացել է ԲԴԽ 10 անդամից 9-ի կողմ ձայները և ներկայացվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր պաշտոնի համար:
Ռուբեն Վարդազարյանը, ներկայացնելով թեկնածուի կենսագրությունը, տեղեկացրեց, որ Արմեն Հակյանցը ծնվել է 1973 թվականին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում: Նա 1995 թվականին ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետն, այնուհետև ասպիրանտուրան՝ ստանալով իրավաբան-գիտնականի գիտական աստիճան:
ԲԴԽ նախագահի խոսքով՝ Հայկյանցը 2005-2007 թվականներին ավարտել է ՌԴ նախագահին կից պետական ծառայության ակադեմիայի դոկտորանտուրան և պաշտպանել դոկտորական թեզ՝ ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի աստիճան, իսկ 2012 թվականին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:
Ըստ Ռուբեն Վարդազարյանի ներկայացման՝ Արմեն Հայկյանցը 1990 թվականի երկրորդ կեսերին չորս անգամ վերապատրաստման դասընթացներ է անցել ԵՄ երկրների համալսարաններում:
Նա պատգամավորներին տեղեկացրեց, որ Հայկյանցը եղել է Փաստաբանների պալատի անդամ և նրա գործունեությունը դադարեցվել է 2020 թվականին, երբ նախագահի հրամանագրով նշանակվել է ԲԴԽ անդամի պաշտոնակատար:
Հարակից հրապարակումներ`
- ԱԺ-ն առանց բացառության կողմ քվեարկեց նախորդ նիստում քննարկված բոլոր նախագծերին
- Ես հաշվետու չեմ ԱԺ-ին. ԲԴԽ նախագահը՝ իմքայլականին