Վազգեն Մանուկյանի դեմ քրգործ է «կարվել»․ Գ․ Մանուկյան
Ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր քննչական կոմիտեից ստացել է ծանուցագիր։ Այս մասին Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հանրահավաքի ընթացքում տեղեկացրեց ՀՅԴ գործիչ Գեղամ Մանուկյանը։
« 2021 թվականի անկախ Հայաստանի քննչական կոմիտեն ծանուցագիր է ուղարկել, որով Վազգեն Մանուկյանը մեղադրվում է մի շատ հայտնի հոդվածով։ Այդ հոդվածն արդեն չեմ հիշում, թե Հայրենիքի փրկության շարժման քանի հոգու վրա է «կարել» քննչական կոմիտեն։ Այն 301 հոդվածն է ՝ պետական կարգի տապալում, կարծեմ»,- ասաց Մանուկյանը։
Նա նաև ուշադրություն հրավիրեց մի հանգամանքի վրա․ «Անկախ ՀՀ քննչական կոմիտեն 2021 փետրվարի 20-ին մեղադրանք է ներկայացրել 1988 թվականի փետրվարի 20-ի Արցախյան շարժման առաջին հանրահավաքի կազմակերպիչ , Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի դեմ։
88 թվականին հարյուր հազարավոր մարդիկ, որ կանգնած էին Ազատության հրապարակում, գոռում էինք Արցախ միացում, երազում էինք անկախ Հայաստան, այդ թվում Վազգեն Մանուկյանը, երևի ոչ ոք չէր պատկերացնի, որ 33 տարի հետո ճիշտ նույն օրը ունենալու ենք անկախություն, բայց մի դժբախտությամբ՝վարչապետի աթոռը զբաղեցնելու է Նիկոլ Փաշինյանը, ունենալու է անձնական օգտագործման քննչական կոմիտե, 88-ի Ղարաբաղ կոմիտեի նախագահ Վազգեն Մանուկյանի վրա քրգործ է «կարելու»»։