ԱՄՆ պետքարտուղարն առաջին ելույթով ուրվագծել է արտաքին քաղաքականության գերակայություններն ու մարտահրավերները
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի օրը հայտարարեց, որ ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև հարաբերություններն աշխարհում այս դարի «ամենամեծ աշխարհաքաղաքական փորձարկումն է»:
Հանդես գալով արտաքին քաղաքականության գլխավոր հարցերի շուրջ իր առաջին մեծ ելույթով`Բլինքենն ասաց, թե Բայդենի վարչակազմը Չինաստանի հետ կապերը կարող է «հիմնել ուժի դիրքերից»: Նրա խոսքերով, դա պետք է արվի դիվանագիտական եղանակով և միջազգային կառույցների մասնակցությամբ, որտեղից ԱՄՆ-ը հետ էր քաշվել ու այդ բաց տեղը թողել Չինաստանին: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Չինաստանի հետ մեր հարաբերությունները կլինեն մրցակցային, երբ դա լինի անհրաժեշտ, կլինեն համագործակցային, երբ կարող են լինել այդպիսին, կլինեն թշնամական, երբ լինի դրա անհրաժեշտությունը»,- ասաց Բլինքենը:
Աշխարհի երկու այս գերհզոր պետությունները տարաձայնություններ ունեն Հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ազդեցության, Պեկինի տնտեսական գործունեության, Հոնկոնգում, Թայվանում և Սինցզյանի շրաջանում մարդու իրավունքները Չինաստանի կողմից ոտնահարվելու հարցերում:
Բլինքենի ճառը, որն արտացոլում է «Ամերիկայի հզորությունը նորոգելու» նախագահ Ջո Բայդենի ռազմավարությունը, տեղ էր հատկացրել նաև կորոնավիրուսի համաշխարհային վարակը կասեցնելու միջազգային ջանքերին, համաշխարհային տնտեսությունը զարգացնելու ուղիներին և ժողովրդավարության դեմ աշխարհում գրանցվող սպառնալիքները կասեցնելուն:
«Ամերիկան իր համար առաջնային խնդիրների շարքում է դասում համաշխարհային ջերմացման դեմ համակարգված պայքարը, «կանաչ էներգիայի հեղափոխության» հարցը,- հայտարարեց Բլինքնենը:
ԱՄՆ-ի նոր վարչակազմը մեծապես է կարևորում Իրանի հետ միջուկային համաձայնության գալու խնդիրը, ասում է Բլինքենը:
«Մեր դաշնակիցների և գործընկերների հետ միասին աշխատելու ենք ընդլայնել և ամրապնդել Գործողության համատեղ համապարփակ ծրագիրը։ Իրանը պետք է հավատարիմ մնա Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ կնքված պայմանագրի կետերին ու ստանձնած պարտավորություններին»,- հայտարարեց Բլինքենը՝ նկատի ունենալով Իրանի հետ կնքված միջուկային միջազգային համաձայնագիրը:
ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև անդրադարձավ Սիրիայում քիմիական զենք կիրառելու շուրջ մտահոգություններին, դապատարտեց Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի, ինչպես նաև Սկրիպալների դեմ Ռուսաստանում իրականացված հարձակումները:
Դաշնակիցների հետ հարաբերությունների վերականգնումը, կլիմայի փոփոխության լուծումը և «կանաչ էներգետիկ հեղափոխությունը» խթանելը նույնպես Բայդենի արտաքին քաղաքական գերակայությունների ցանկում են:
«Մենք ուզում ենք, որ Ամերիկան պահպանի գիտական տեխնոլոգիական առավելությունը, քանի որ դա մեզ համար կարևոր նշանակություն ունի 21-րդ դարի տնտեսության մեջ: Մենք պետք է համոզվենք, որ տեխնոլոգիաները պաշտպանում են մարդկանց գաղտնիությունը, աշխարհը դարձնում ավելի անվտանգ և առողջ, իսկ ժողովրդավարական երկրները՝ ավելի դիմացկուն ու կայուն»,- հայտարարեց ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր ելույթում:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց