ԱՄՆ-ը աշխարհում ժողովրդավարությունը պաշտպանելու է իր օրինակով, այլ ոչ թե ուժով. Բլինքեն
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասում է, որ Բայդենի վարչակազմն օտար երկրներում պաշտպանելու է ժողովրդավարությունը, սակայն դա չի անելու ծախսատար ռազմական միջամտության եղանակով: ԱՄՆ-ի ռազմական ուժերն Իրաքում են գործում արդեն 30 տարի, Աֆղանստանում` 20: Արդեն ժամանակն է, որ այդ ուժերը վերադառնան հայրենիք, ասում են այդ քաղաքականության քննադատները: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Պետքարտուղարն էլ, որպես պատասխան, հայտարարում է, որ ժողովրդավարություն ԱՄՆ-ը այսուհետ տարածելու է ոչ թե ուժի, այլ օրինակի եղանակով:
«Մենք զարկ են տալու ժողովրդավարական վարքին ու վերաբերմունքին, և չենք փորձելու ռազմական ներխուժումներով տապալել ավտորիտար վարչակարգերը: Մենք այդ մարտավարությունը կիրառել ենք անցյալում: Սակայն որքան էլ բարի էր մեր տրամադրվածությունը, այդ եղանակն իրեն չարդարացրեց»,- ասել է նա:
Նրա խոսքերով, ռազմական միջամտության եղանակը դարձել է պատճառ, որ ժողովրդավարության տարածումը ստանա վատ պիտակավորում: Այդ եղանակը, ասում է նա, նաև դարձել է պատճառ, որ օտար երկրներում մարդիկ կորցնեն վստահությունն ամերիկացիների հանդեպ: Այդ պատճառով, ըստ Բլինքենի, Բայդենի վարչակազմը խնդրին մոտենալու է այլ անկյունից` զարկ է տալու իր իսկ ներսում ժողովրդավարությանը, որպես արտաքին քաղաքականության հրամայական:
Նրա խոսքերով, ամենամեծ սպառնալիքն այսօր Չինաստանն է, քանի որ այն միակ երկիրն է, որն ունի միջազգային համակարգը ապակայունացնելու ուժ: Նրա խոսքերով, Վաշինգտոնը Պեկինին պիտի վերաբերվի ուժի դիրքերից:
«Դրա համար հարկավոր է աշխատել դաշնակից պետությունների ու գործընկերների հետ, քանի որ միացյալ ջանքն ավելի ծանրակշիռ է, որպեսզի Չինաստանը կարողանար անտեսել», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
Այն հայտարարություններին, թե ինքն ու վարչակազմի մեծ թվով անդամներ եղել են Բարաք Օբամայի վարչակազմում և հիմա էլ վերականգնում են Օբամայի կարգերը, Բլինքենը պատասխանում է, որ այդ ժամանակներն անցել են և Բայդենն աշխարհին նայում է ավելի թարմ աչքերով:
Հարակից հրապարակումներ`
- Էնթոնի Բլինքենը ԱՄՆ-ի նոր պետքարտուղարն է
- ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Բլինկենն աջակցություն է հայտնել Հայաստանին ու Արցախին