Գերմանիան կարևորում է Ռուսաստանի՝ Եվրախորհրդին անդամակցությունը
Գերմանիան կարևոր է համարում Ռուսաստանի անդամակցությունը Եվրախորհրդին, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պետքարտուղար Միգել Բերգերը՝ Դաշնության խորհրդի միջազգային հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովի հետ հանդիպմանը: Այս մասին գրում է Ria-ն։
«Բերգերը շեշտեց միջխորհրդարանական կապերի կարևորությունն ու նշանակությունը: Գերմանական պատվիրակության ղեկավարը պատրաստակամություն հայտնեց համագործակցության, այդ թվում` տարբեր միջազգային հարթակներում: Համաձայն Միգել Բերգերի, Գերմանիայի ներկայացուցիչները կիսում են երկխոսության պատրաստակամությունը և կարևոր են համարում Ռուսաստանի անդամակցությունը Եվրախորհրդին», - ասվում է Դաշնության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
«Ռուսաստանի խորհրդարանականների համար կարևոր է, որ պաշտոնական դիվանագետները ձգտում են շփումների և, այդպիսով, գիտակցում են խորհրդարանական գծում մեր ընդհանուր աշխատանքի կարևորությունը», - ասել է Կոսաչովը:
Նա նշել է, որ ներկայումս Գերմանիայի և ընդհանրապես Եվրամիության հետ հարաբերությունների զարգացումը «դրական բնույթ չունի»:
Հիշեցնենք, որ օրերս ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար, Պետդումայի փոխնախագահ Պյոտր Տոլստոյը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է վերանայի իր դերը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում և պատրաստ լինի լքել այն, եթե գործարկվի Ռուսաստանի դեմ կանոնադրության խախտմանը արձագանքելու եռակողմ մեխանիզմը։