Գևորգ Ավետիսյանը մետրոյի նոր կայարանի կառուցման ժամկետին վերաբերող փակագծերը չբացեց
«Հստակ է՝ Մետրոպոլիտենի նոր կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում և այդ մասով կոնկրետ հաձնաժողովային աշխատանքներ տարվում են, ուղղակի փակագծեր չեմ բացի, և ժամկետներ չեմ կարող նշել»,- պատասխանելով նոր կայարանի կառուցման մասին հարցին՝ հայտնեց Մետրոպոլիտենի տնօրենի ժամականավոր պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը:
Նա տեղեկացրեց, որ 2010 թվականին Հայաստանի և Վերակառուցման զարգացման բանկի միջև կնքված պայմանագրով սկիզբ էր դրվել Մետրոպոլիտենի վերակառուցման ծրագրերին, որը բաղկացած է մի քանի փուլերից։
Ավետիսյանի ներկայացմամբ՝ առաջին փուլն արդեն ավարտվել է, երկրորդ փուլի աշխատանքները դեռևս ընթացքի մեջ են։
«Առաջին փուլի աշխատանքների ընթացքում արդիականացվել են շարժակազմեր, ստեղծվել է գնացքների լվացման կենտրոն, ինչպես նաև մեքենավարների ուսուցման կենտրոն։ Երկրորդ փուլում աշխատանքները վերաբերում են ստորգետնյա ջրերի հեռացմանը», - ասաց Գևորգ Ավետիսյանը։
Նա հայտնեց, որ մարտի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտենը կնշի իր ստաղծման 40-ամյակը, որի ընթացքում համավարակով պայմանավորված մեծ միջոցառումներ չեն լինի, բայց ուղևորներին այդ մասին չհիշեցնել էլ չեն կարող։
Գևորգ Ավետիսյանի տեղեկացմամբ՝ Մետրոպոլիտենում հաճախ են իրականացվում մշակութային ցուցադրություններ, շնորհանդեսներ, և այս դեպքում էլ «Երիտասարդական» և «Հրապարակ» կայարաններում կլինեն ցուցահանդեսներ, իսկ այն աշխատակիցները, որոնք ունեն աշխատանքային երկարամյա փորձ, կարժանանան ուշադրության՝ շնորհակալագրերի, պատվոգրերի և մեդալների տեսքով։