Իտալիայում ձերբակալվել է ալժիրցին, որը Փարիզի հարձակման ժամանակ օգնել է ահաբեկիչներին
Իտալիայի ոստիկանությունը Բարի քաղաքում բերման է ենթարկել Ալժիրի մի քաղաքացու՝ իսլամիստական խմբավորմանը մասնակցելու և 2015-ի նոյեմբերին Փարիզում մի շարք հարձակումներ կազմակերպած ահաբեկիչներին օգնելու մեղադրանքով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հայտարարության համաձայն՝ քննիչները հաստատել են նրա անմիջական դերը ահաբեկիչներին աջակցելու հարցում: Մասնավորապես, նշվում է՝ 36-ամյա տղամարդը կեղծ փաստաթղթեր է տրամադրել հարձակումներն իրականացնողներին:
Բացի այդ, ալժիրցին մեղադրվում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար, որը գործում է Ֆրանսիայում և Բելգիայում: Նա կապ է պահպանել ԻՊ-ի հետ իր իսլամիստ եղբայրների և բջջի մյուս անդամների միջոցով՝ խոստանալով կեղծ փաստաթղթեր տրամադրել նրանց և աջակցություն ցուցաբերել կոնկրետ գործողություններին:
Նշվում է՝ խմբավորման անդամներից մեկը սպանվել է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, իսկ երկրորդը պահվում է Բելգիայի բանտում: Մյուսների ինքնությունը դեռևս պարզված չէ: Ըստ ոստիկանության, նրանք գործում են ինչպես Իտալիայում, այնպես էլ Ալժիրում, Ֆրանսիայում, Բելգիայում, Իսպանիայում և Սիրիայում: