Կիպրոսի և Հունաստանի արտգործնախարարները քննարկել են Միջերկրական ծովի տնտեսական գոտիների սահմանների հարցը
Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Նիկոս Քրիստոդուլիդիսը և նրա հույն գերծընկեր Նիկոս Դենդիասը երկուշաբթի երեկոյան քննարկել են Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի ազգային տնտեսական գոտիների սահմաններին, Կիպրոսի հիմնախնդրին և հույն-թուրքական հարաբերություններին վերաբերող հարցեր: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Cyprus Mail» թերթը:
Քննարկումը տեղի է ունեցել Լառնակայի միջազգային օդանավակայանում, որտեղ Հունաստանի արտգործնախարարը կանգառ է կատարել Կահիրեից Աթենք ուղևորվելիս:
Ըստ դիվանագիտական աղբյուրների, տարածաշրջանում էներգետիկ խնդիրների քննարկման շրջանակներում Դենդիասը կիպրացի իր գործընկերոջը պատմել է Կահիրե կատարած այցի արդյունքների մասին, որտեղ նա հանդիպել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի և Արաբական լիգայի գլխավոր քարտուղար վերընտրված Ահմեդ Աբուի ալ-Գեյթի հետ: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նա Եգիպտոս է ժամանել այն բանից հետո, երբ Եգիպտոսի բնական գազի հոլդինգային ընկերությունը (EGAS) հայտարարեց, որ ածխաջրածինների հետախուզում է իրականացնում ինչպես Եգիպտոսի, այնպես էլ Հունաստանի Բացառիկ տնտեսական գոտիներին (EEZs) հարակից երեք օֆշորային գոտիներում և այն կետում, որը Թուրքիան համարում է Արևելյան Միջերկրականում ցամաքային շերտի իր Բացառիկ տնտեսական գոտիների սահմանը:
Բայց միաժամանակ, ըստ հրատարակության, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրիի հետ հանդիպումից հետո Դենդիասը հարցը «փակված» է համարել: Հաղորդագրության մեջ ասվում էր, որ Աթենքը զգուշորեն հետևում էր իրավիճակին այն բանից հետո, երբ վերջերս Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն Եգիպտոսին առաջարկեց առանձնացնել Անկարայի և Կահիրեի միջև բացառիկ տնտեսական գոտիները: Սակայն այժմ Դենդիասը, ըստ վերոհիշյալ դիվանագիտական աղբյուրների, Կահիրեից ստացել է հավաստիացումներ, որ Եգիպտոսի և Թուրքիայի ՇՏԳ սահմանազատման հարցն օրակարգում չէ:
Իր հերթին, Կիպրոսի արտաքին գործերի նախարարը Հունաստանի արտգործնախարարին տեղեկացրել է Կիպրոսի Հանրապետության Նախագահ Նիկոս Անաստասիադիսի և Կիպրոսի կարգավորման հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ջեյն Հոլ Լյութի հետ հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել է Կիպրոսի խնդրի լուծման ոչ պաշտոնական գագաթնաժողովի հարցը, որը տեղի կունենա ապրիլի 27-29-ը Ժնևում: