Պոզների հետ կապված միջադեպից հետո Կրեմլը Վրաստան այցերը վտանգավոր է անվանում ռուսների համար
Ռուսները պետք է հստակ հասկանան, որ Վրաստան մեկնելը նրանց համար անվտանգ չէ: Այս հայտարարությունն այսօր արել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Թբիլիսիում հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզների հետ մեկ օր առաջ տեղի ունեցած միջադեպից հետո: Այս մասին գրում է Tass-ը։
Նախօրեի երեկոյան տասնյակ ցուցարարներ հավաքվել էին Վրաստանի մայրաքաղաքի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկի մոտ, որտեղ հանգրվանել էր Պոզները: Տեղի ունեցան բախումներ ոստիկանության հետ: Մարդկանց դժգոհության պատճառը ռուս լրագրողի ավելի վաղ արած հայտարարություններն էին Աբխազիայի և Հարավային Օսիայի մասին: Պոզները հայտնել է, որ եկել էր Վրաստան՝ իր ծննդյան օրը նշելու, այլ ոչ թե քաղաքականությունից խոսելու համար:
«Վրաստանում Ռուսաստանի քաղաքացիների համար վտանգավոր է։ Այնտեղ ուղղակի վտանգավոր է մեկնել։ Ռուսները պետք է սա հստակ հասկանան», - ընդգծել է Կրեմլի խոսնակը՝ մեկնաբանելով միջադեպը:
Պեսկովը հավելել է, որ Մոսկվան խստորեն դատապարտում է ծայրահեղ ազգայնականների ագրեսիվ գործողությունները Թբիլիսիում Ռուսաստանի քաղաքացիների դեմ:
«Մենք տեսանք Վրաստանի վարչապետի այսօրվա հայտարարությունը, որը նույնպես դատապարտեց այդ գործողությունները, և մենք ողջունում ենք այս հայտարարությունը», - ասել է ՌԴ ղեկավարի խոսնակը:
Կրեմլի խոսնակը նշել է, որ Մոսկվան երախտապարտ է նաև վրացական ոստիկանությանը՝ ռուսների անվտանգությունն ապահովելու համար:
«Եվ վերջում, իհարկե, մենք շնորհավորում ենք Պոզներին ծննդյան օրվա առթիվ: Ավելի լավ է այն դիմավորել տանը: Այստեղ ավելի հանգիստ է», - ամփոփել է Պեսկովը:
Լրահոս
Տեսանյութեր
Չեմ կարող ասել՝ինչու Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներից, բայց կարևորագույն առիթ էր.Ստեփանյան