Հորդանանի թագավորությունը հայտնվել է սկանդալի կենտրոնում
Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի խորթ եղբայրը շաբաթ օրը հայտարարել է, որ իրեն տնային կալանքի տակ են պահել ու երկրի «իշխող համակարգին» մեղադրել անգործության և կոռուպցիայի մեջ՝ բացահայտելով իշխող միապետության նախկինում չտեսնված պառակտումը: Այս մասին գրում է Euronews-ը։
Արքայազն Համզա բեն Հուսեյնի հայտարարության տեսագրությունը ստացվել է այն բանից հետո, երբ երկրի պաշտոնական լրատվական գործակալությունը հաղորդել է երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության մասին։ Հաղորդվում է, որ «անվտանգության նկատառումներից» բերման են ենթարկվել նաև մի քանի այլ կասկածյալներ: Միևնույն ժամանակ, իշխանությունները հերքել էին, որ Համզան կալանավորված է կամ տնային կալանքի տակ է:
Տեսանյութը արտահոսք էր արել BBC-ին: Համզան՝ նախկին թագաժառանգ արքայազնը, որին 2004-ին զրկել էին տիտղոսից, ասել է, որ երկրի պաշտպանության նախարարը այցելել է իրեն շաբաթ վաղ առավոտյան և ասել է, որ իրեն թույլ չեն տալիս դուրս գալ, շփվել մարդկանց հետ կամ հանդիպել նրանց հետ:
Աբդալլահը 2004-ին զրկել էր խորթ եղբայր Համզային թագաժառանգի տիտղոսից` նշելով, որ նա որոշել է «ազատել նրան իր դիրքի սահմանափակումներից», որպեսզի թույլ տա նրան այլ պարտականություններ ստանձնել:
Մինչ այժմ Աբդալլահն ու Համզան բացահայտ մրցակցություն չէին ցուցաբերել: Աբդալլահը Համզային ընտրեց որպես իր իրավահաջորդ իշխան, 1999 թ-ի փետրվարին նրանց հոր՝ քաղցկեղից մահանալուց մի քանի ժամ անց: Այս նշանակումը կատարվել էր Հուսեյն թագավորի հանդեպ հարգանքից ելնելով, որը, ինչպես հայտնի է, չորս ամուսնություններից իր 11 երեխաների մեջ ամենից շատ գնահատում էր Համզային: Բայց հինգ տարի անց Աբդալլահը Համզային զրկեց թագաժառանգի տիտղոսից:
Հորդանանի կայունությունն ու թագավորի կարգավիճակը վաղուց արդեն մտահոգիչ էին, հատկապես Թրամփի վարչակազմի օրոք, որն աննախադեպ աջակցություն էր ցուցաբերում Իսրայելին և փորձում էր մեկուսացնել պաղեստինցիներին, այդ թվում՝ Հորդանանում պաղեստինցի փախստականների ֆինանսավորումը կտրելով:
Բացի այդ, Հորդանանի տնտեսությունը տուժել է կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող երկրում կա ավելի քան 600,000 սիրիացի փախստական: