Գլխավոր դատախուզություն. Խոշտանգման դեպքերով դատարան ուղարկվող քրեական գործերի թիվը կրկնապատկվել է
2020թ.-ի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ՀՔԾ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազների հսկողության ներքո քաղաքացիներին ոստիկանության և այլ մարմինների բաժիններում ապօրինի պահելու, նրանց փաստացի ազատությունից զրկելու, խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների այլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ ՀՀ ՀՔԾ-ում նախապատրաստվել է 47 նյութ, որը 17.5%-ով ավելի է 2019թ. համեմատ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դրանց արդյունքում հարուցվել է 37 քրեական գործ, ինչը նախորդող տարվա համեմատ ավելի է շուրջ 11%-ով:
2020թ. մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննված 6 քրեական գործ՝ 11 անձի վերաբերյալ, որոնցից 2-ը՝ 4 անձի վերաբերյալ, եղել է ՀՀ քրեական օրենսգրքի 309․1-րդ հոդվածով, 4-ը՝ 7 անձի վերաբերյալ՝ 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Պահպանվել է արդեն մի քանի տարի շարունակվող՝ նշված հանցակազմերով դատարան ուղարկվող ինչպես գործերի, այնպես է դրանցով քրեական հետապնդման ենթարկվող անձանց թվի ավելացման միտումը՝ վկայելով այս բնույթի հանցագործթյան դեպքերի արձանագրման, բացահայտման ուղղությամբ վերջին տարիներին իրականացվող քրեական քաղաքականության արդյունավետությունը: Համեմատության համար նշենք, որ 2019թ.-ին դատարան էր ուղարկվել 5 նման քրեական գործ՝ 8 անձի վերաբերյալ, իսկ 2018թ.-ին՝ 3 քրեական գործ՝ 4 անձի վերաբերյալ:
Հանցագործության նման դեպքերով քիչ չեն անձանց կողմից իրավունքի չարաշահման դրսևորումները: Տարբեր հանցագործություններ կատարած անձինք մեղադրանքից պաշտպանվելու, նախաքննության ընթացքում տված խոստովանական ցուցմունքներն անթույլատրելի ճանաչելու, հաճախ նաև իրավապահ մարմնի այս կամ այն աշխատակցից վրեժ լուծելու նպատակով դիմում-բողոքներ են ներկայացնում իրենց նկատմամբ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն կիրառելու մասին: 2020թ. խոշտանգման փաստով քննված քրեական գործերի նախաքննության արդյունքներով սուտ մատնության հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ, որից 2-ը՝ 2 անձի վերաբերյալ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատարանում քննված մեկ քրեական գործով 1 պաշտոնատար անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ՝ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու համար:
Այս բնույթի հանցագործությունների դեմ պայքարի հիմնական խնդիրներից մեկը մնում է կասկածյալների, մեղադրյալների հարցաքննությունների, նրանց մասնակցությամբ կատարվող քննչական այլ գործողությունների հազվադեպ տեսաձայնագրումը: