Գիտնականները թվագրել են ժամանակակից մարդու ուղեղի ձևավորման ժամանակաշրջանը
Գիտնականների միջազգային խումբը պարզել է, թե երբ է Հոմո ցեղի ներկայացուցիչների ուղեղի կառուցվածքը հասել ժամանակակից մարդկանց ուղեղին: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է Ցյուրիխի համալսարանը:
Նշվում է, որ Հոմո ցեղի առաջին պոպուլյացիաները հայտնվել են Աֆրիկայում մոտ 2,5 միլիոն տարի առաջ, նրանք արդեն քայլում էին երկու ոտքի վրա, բայց նրանց ուղեղն այն ժամանակ ժամանակակից մարդու ուղեղի կեսի մեծությունն է ունեցել:
«Մեր վերլուծության համաձայն՝ մարդու ուղեղի ժամանակակից կառուցվածքը ձևավորվել է ընդամենը 1,5-1,7 միլիոն տարի առաջ՝ Հոմոյի աֆրիկյան բնակչության շրջանում»,-ասել է Ցյուրիխի համալսարանի մարդաբանական ինստիտուտից Քրիստոֆ Զոլլիկոֆերը:
Հետազոտողներն ուսումնասիրել են Աֆրիկայում և Ասիայում 1-ից 2 միլիոն տարի առաջ ապրած Հոմոյի գանգերը համակարգչային տոմոգրաֆիայի սկաներով: Դրանից հետո նրանք բրածոների տվյալները համադրել են կապիկների և մարդկանց տվյալների բազայի հետ:
Չափից բացի, մարդու ուղեղը էապես տարբերվում է խոշոր կապիկների ուղեղից, հատկապես՝ օրգանի առանձին մասերի տեղակայման և ֆունկցիայի առումով:
«Սովորաբար մարդուն բնորոշ է հիմնականում ուղեղի ճակատային հատվածը, որը պատասխանատու է մտածողության և գործողության բարդ ձևերի, լեզվի, պլանավորման համար»,- նշել է հետազոտության հեղինակ Մարչիա Պոնսե դե Լեոն, որը նույնպես Ցյուրիխի համալսարանի մարդաբանական ինստիտուտից է:
Նշվում է, որ 1.7 միլիոն տարի առաջ Աֆրիկայում մարդկային մշակույթներն ավելի բարդ ու բազմազան են դարձել՝ ինչպես երևում է տարբեր քարե գործիքների գտածոներից: «Մարդկային լեզվի ամենավաղ ձևերը, հավանաբար, զարգացել են այս ժամանակահատվածում»,-ասում է Պոնսե դե Լեոնը:
Յավայից հայտնաբերված բրածո գտածոները ցույց են տալիս, որ նոր պոպուլյացիաները չափազանց հաջողակ են եղել: Աֆրիկայում հայտնվելուց անմիջապես հետո նրանք տարածվել են Հարավարևելյան Ասիայում: