Մինեսոտայում ցույցեր են ոստիկանության կողմից հերթական աֆրոամերիկացուն գնդակահարելու պատճառով
Բողոքի ցույցեր են սկսվել ամերիկյան Բրուքլին-կենտրոն քաղաքում (Մինեսոտա) այն բանից հետո, երբ կիրակի օրը՝ ապրիլի 11-ին, ոստիկանը աֆրոամերիկացու է գնդակահարել: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ, այդ մասին հայտնել է «Star Tribune» թերթը:
Նշվում է, որ իրավապահները կանգնեցրել են 20-ամյա Դանթե Ռայթի մեքենան այն բանից հետո, երբ նա խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Ոստիկանությունը հաստատել է, որ Ռայթին ձերբակալելու մասին հրաման էր արձակվել ավելի վաղ, սակայն ոչ մի տեղեկություն չի տրամադրվում, թե ինչու:
Ըստ թերթի, ամերիկացի երիտասարդը չի ցանկացել ենթարկվել իրեն բերման ենթարկող ոստիկանության պահանջներին, և կրկին նստել է մեքենան: Հետո իրավապահներից մեկը կրակել է Ռայթի վրա: Նրա մեքենան հասցրել է անցնել մի քանի փողոցներ և բախվել մեկ այլ մեքենայի, որը վարել է մի կին, վերջինս հոսպիտալացվել է:
Դեպքից հետո մոտ 500 մարդ հավաքվել է Բրուքլինի կենտրոնի ոստիկանական բաժանմունքի մոտ: Երբ ոստիկանության ծառայողների խնդրանքով նրանք չեն ցանկացել հեռանալ, նրանց դեմ արցունքաբեր գազ, լուսային նռնակներ և ռետինե փամփուշտներ են օգտագործվել:
Ըստ թերթի, մոտ 200 մարդ նույնպես հավաքվել է այն վայրում, որտեղ Ռայթը մահացել է: Նրանք վնասել են ոստիկանության երկու մեքենա: Քաղաքացիների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև բախում է եղել: Քաղաքում թալանի դեպքեր են գրանցվել: Մինեսոտայի նահանգապետը և Բրուքլինի կենտրոնի քաղաքապետը հայտնել են, որ վերահսկում են իրավիճակը: