Դատարանը ոչ միայն մերժել է գյուղացու փոխհատուցման պահանջը, այլև նրանից գումար է բռնագանձել
Դատարանը մերժել է Կարճևան գյուղի երկու բնակչի հայցն ընդդեմ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի։
«Կարճևանցի Սիմոն Սուրենի Խաչիկյանի և Մելսինա Անդրանիկի Խաչիկյանի հայցն ընդդեմ «Ագարակի Պղնձա-մոլիբդենային կոմբինատ» ՓԲ Ընկերության` 4.918.750 ՀՀ դրամ պատճառված վնասի գումարի, 21.020.900 ՀՀ դրամ բաց թողնված օգուտի, 1.976.183 ՀՀ դրամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսների բռնագանձման պահանջի մասին մերժել՝ հայցային վաղեմություն կիրառելու հիմքով: Հողամասն օգտագործման համար պիտանի վիճակի բերելուն պարտավորեցնելու պահանջի մասով գործի քննությունը շարունակել առանձնացված վարույթով»,-ասվում է վճռում:
Բացի այդ, վճռում նշված է, որ Սիմոն և Մելսինա Խաչիկյաններից համապարտությամբ Հայաստանի Հանրապետության օգտին բռնագանձել 558.317 ՀՀ դրամ` որպես պետական տուրքի գումար:
Դատարանի վճիռը հայցվորների համար անհասկանալի է։ Panorama.am-ի հետ զրույցում Կարճևան գյուղի բնակիչ Սիմոն Խաչիկյանն ասաց․ «Ոնց կարողա քո հողդ վնասեն ու քեզնից մի հատ էլ պետական տուրք բռնագանձեն»։
Խաչիկյանի խոսքով՝ տարիների աշխատանքն անարդյունք է, հիմա կանգնած են փաստի առջև, քանիզ արդեն իրավունքի ուժով էլ պաշտպանված չեն։
«Ագարակի պղնձամոլիպդենային կոմբինատի աղտոտված ջրերը երկու կողմից գալիս թափվում են հողիս վրա: Երկու հողատարածք ունեմ, մի հողս արդեն գոյություն չունի, իսկ մյուսն էլ այնքան է ողողվել հանքի ջրերով, որ մշակել չի լինում ։ Այգում ունեմ նուռ, թուզ, սերկևիլ, ծիրան և այլ տեսակի ծառեր։ Տարեց տարի չորանում են։ Երիտասարդ ծառերը դեռ դիմանում են, բայց մի օր դրանք էլ կչորանան։ Կոմբինաատի ղեկավարությունը վնասի հատուցման մասին ոչ մի զրույց չի անում»,- ասաց Խաչիկյանը։
Կարճևանցին ասում է,որ գյուղում շատ հողեր են անպիտան դարձել և բնակիչները հնարավորություն չեն ունենում մշակելու և բերք ստանալու։
Խնդիրը նոր չի ծագել։ Դեռևս 2012 թվականից կարճևանցի Սիմոն Խաչիկյանը դիմում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրինությանը և պահանջում՝ պատճառած վնասի փոխհատուցում կամ վերականգնում։
«2012-ին այլ ղեկավարություն էր, 2016-ին՝ այլ։ Գրությամբ դիմել եմ երկուսին էլ , բայց նամակս անպատասխան նմաց։ 2018-ին երրորդ տնօրենը եկավ։ Նորից դիմեցի , էլի չպատասխանեցին, որից հետո որոշեցինք դիմել փաստաբանի օգնությանը»,-ասաց կարճևանցին։
2018 թ-ի դեկտեմբերից սկսել է դապատական պատմությունը։ Փաստաբանը նախ դիմել է ՇՄՆ և այլ պաշտոնատար անձանձ, նաև կոմբինատի ղեկավարությանը։ Արդյունքում ՝ կոմբինատից պարզաբանում են ստացել, որ գետի ջուրը մաքուր է և չի կարող վնասել հողատարածքը։ Բնակիչները 2019 թ-ի ապրիլ ամսին դիմում են փորձագետներին ՝ պարզելու,թե որքանով է մաքուր գետի ջուրը։ Մասնագետները նմուշներ են վերցրել, հետազոտել և արդյունքում պարզվել է, որ բոլոր փորձանմուշներում ծանր մետաղների պարունակության թույլատրելի նորմը գերազանցել է մի քանի անգամ։
«Ստուգվել է չորս մետաղ։ Բոլոր նմուշներում սահմանված քանակը գերազանցել է մի քանի անգամ։ Պղնձի սահմանային թույլատրելի խտությունը գերազանցել է նորման 20,9-21,4 անգամ, մոլիբդենը՝ 15,8-24, ցինկը՝ 3,24-3,80, մանգանը՝ 5,6-6,1 անգամ։ Մենք ընդամենը համաձայնեցինք այս չորս մետաղները ստուգեն, քանի որ դա մեծ գումարների հետ էր կապված»- ասաց Սիմոն Խաչիկյանը։
Ոլորտի մասնագետները նաև հայտնել են,որ տարիների ընթացքում եղած ծառերը ևս ենթակա են չորացման։
«Հիմա որը երիտասարդ ծառ է դիմադրում է, բայց տարիների ընթացքում դրանք էլ կչորանան»,-ասաց Խաչիկյանը։
Փորձանմուշների տվյալները որպես հիմնավորում գյուղացիները դիմել են դատարան։Անդրադառնալով դատարանի վճռին և հետագա քայլերին, կարճևանցին հայտնեց․
«Հիմա դատարանը վճիռ է կայացրել համ չի բավարարում իմ հայցը, համ էլ պետական տուրքի է դրել վրաս, որ վճարեմ՝ իմ պահանջած գումարի 2 տոկոսի չափով։ Հիմա մինչև վերջ գնալու ենք։ Վերաքննիչ են դիմելու, պետք եղավ կդիմենք Վճռաբեկ, պետք եղավ՝ Եվրադատարան, մինչև վերջ կգնանք»,- ասաց տուժած բնակիչը։
Հարակից հրապարակումներ`
- Ագարակի կոմբինատը կոչ է անում պատգամավորներին ձեռնպահ մնալ ընկերության հասցեին հնչեցվող անհիմն մեղադրանքներից
- «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի» մի խումբ աշխատակիցներ երեկվանից գործադուլ են սկսել. ՀԺ