Պատերազմում զոհված հերոս Հովիկ Ասատրյանի եղբայրներին պետությունը աջակցություն չի տրամադրում. Թովմասյան
«Օրերս ինձ մոտ էր եկել ազգային հերոս Հովիկ Ասատրյանի հորեղբայրը։ Նա Շիրակի մարզի Հայկաձոր համայնքից է»,- այսօր խորհրդարանում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա տեղեկացրեց, որ ընտանիքի անդամները վերջին անգամ Հովիկի հետ խոսել են սեպտեմբերի 28-ին, որից հետո՝ հոկտեմբերի 2-ին տղայի մասին խոսել է Արծրուն Հովհաննիսյանը, հայտարարել է նրա հերոսությունների մասին ու ասել, որ Հովիկ Ասատրյանին շուտով տրվելու է հերոսի կոչում։
«Այդպես էլ եղել է, և մարտի 22-ին տղային հերոսի կոչում են տվել։ Հովիկ Ասատրյանը մինչ օրս անհետ կորած է, որևէ մեկը չգիտի՝ որտեղ է։ Հիմա մենք ունենք այսպիսի իրավիճակ, որ Հովիկ Ասատրյանը, լինելով երկկողմանի ծնողազուրկ, զորակոչվել է բանակ և պահել է առաջնագիծը։ Նա ունի 2 եղբայր, և հորեղբայրն է նրանց խնամքով զբաղվում։ Հիմա ՊՆ-ն և «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը մերժում են Հովիկ Ասատրյանի հարազատ եղբայրներին ապահովագրական փոխհատուցում տալ։ Դա արվում է այն հիմնավորմամբ, որ եղբայրները չեն համարվում աջակցության շահառուներ»,- ասաց պատգամավորը։
Թագուհի Թովմասյանը տեղեկացրեց, որ ինքը հետաքրքրվել ու պարզել է, որ զոհերի և անհետ կորածների ցանկում մոտ 10 հոգի է երկկողմանի ծնողազուրկ։
«Կարծում եմ, որ այս հարցը շատ հեշտ կարող ենք վերանայել, և եղբայրներից որևէ մեկին նոտարով հաստատված կարգով տանք այդ շահառուի կարգավիճակը, որ մարդիկ իրենց լքված չզգան»,- նկատեց պատգամավորը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին ՊԲ N զորամասի ՀՄՄ-2-ի մեխանիկ-վարորդ, շարքային Հովիկ Հովհաննեսի Ասատրյանը, ցուցաբերելով մասնագիտական վարպետություն, ՀՄՄ-2-ով հմուտ խուսավարմամբ անցել է հակառակորդի թիկունքը և անվրեպ խոցել 4 զրահատեխնիկա:
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 158 հերոսների ընտանիքների հատուցում է տրվել․ԶԱՀ
- Զոհվածների ընտանիքներին տրամադրվող հատուցումները շարունակական բնույթ են կրում. ԶԱՀ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում