Եթե ընդդիմությունը կարողանում է ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, ապա դուք ո՞վ եք. Գևորգ Պետրոսյան
«Երբ պաշտպանության նախարարության պաշտոնյան դառնում է վազորդ, դասալիք, իր աշխատավայրից դասալքությամբ է զբաղվում՝ մենք ումից և ինչ պահանջենք, նման բան տեսել եք, որ ՊՆ սպան թռնի պատի վրայից, իսկ նա, որի մարմնի կառուցվածքը թույլ չի տալիս՝ ուղղաթիռ է կանչում»,- մամուլի ասուլիսում ասաց անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ նկատելով, որ նման խայտառակություն երբեք չի եղել:
Նրա խոսքով՝ իշխանությունները պետական կառավարումը վերածել են ծաղրի:
Անդրադառնալով խոստումները չկատարելու համար ներողություն խնդրելու իմքայլական պատգամավորի արարքին՝ Պետրոսյանը վերջինիս հորդորեց թվել, թե ո՞ր խոստումն է ընդհանրապես կատարվել:
Ըստ նրա՝ կատարվել է միայն պատերին ծեփելու և ասֆալտին փռելու խոստումը, բայց ժողովուրդը հասկացել է, թե ինչպես և ում նկատմամբ է այն իրականացվել:
«Սրանց թվում է, թե այս ժողովուրդը ոչ հիշողություն ունի, ոչ զգացողությունը»,- հայտարարեց Գևորգ Պետրոսյանը՝ արձագանքելով իմքայլական մեկ այլ պատգամավորի այն հայտարարությանը, թե գործող իշխանությունները նախկինը չեն, որ զրահամեքենաներ բերեն քաղաքացիների դեմ:
Բանախոսը հիշեցրեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում, այս իշխանությունները զրահամեքենա էին կանգնեցրել մարզեր տանող ճանապարհին;
Վերջինս անդրադարձավ նաև Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հատրարարությանը, ըստ որի՝ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի հակասահմանադրական ճանաչելու որոշումը ՍԴ-ի վրա քաղաքական ճնշման հետևանք է:
«Եթե ընդդիմությունը կարողանում է ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, ապա դուք ով եք և ինչպես եք համարվում կառավարություն, իշխանություն»,- նկատեց Պետրոսյանը և հավելեց, որ նման հայտարարությունով փորձում են ժողովրդին հիմարի տեղ դնել, բայց իրականում իրենք են հիմարը: