Ֆինլանդիան պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հանդիպումը
Ֆինլանդիան կարող է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը: Այս մասին այսօր ՏԱՍՍ-ին ասել են Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոյի գրասենյակից:
«Ֆինլանդիան միշտ առաջարկել է իր լավ դիվանագիտական ծառայությունները: Այս հավանական հանդիպման կապակցությամբ երկու կողմերին էլ ներկայացվել է այն կազմակերպելու պատրաստակամությունը»,- ասել են գրասենյակից՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է Ֆինլանդիան կրկին առաջարկել Հելսինկին կամ ֆիննական մեկ այլ քաղաք՝ երկու երկրների ղեկավարների հանդիպման համար:
Նշվում է, որ առաջարկն արվել է որոշ ժամանակ առաջ, այլ ոչ թե երեքշաբթի օրը Ֆինլանդիայի և Ռուսաստանի ղեկավարների զրույցի ընթացքում:
ԱՄՆ վարչակազմի ղեկավարի մամուլի ծառայության հաղորդմամբ, Բայդենը երեքշաբթի Պուտինի հետ հեռախոսազրույցում առաջ է քաշել երրորդ երկրի տարածքում ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու գաղափարը: Կրեմլը նշել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել երկխոսությունը գլոբալ անվտանգության ապահովման կարևորագույն ոլորտների վերաբերյալ: