Առաջարկվում է մինչև 55 տարեկան քաղաքացիներին ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ
Խորհրդարանը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Հիմնական զեկուցող, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նժեց, որ պատերազմից հետո ստեղծված իրավիճակում շատ էին քաղաքացիները, որ ցանկանում էին իրենց արդեն սահմանամերձ դարձած բնակավայրերում անցնել զինվորական ծառայության, բայց օրենքով սահմանված տարիքային սահմանափակումները թույլ չէին տալիս նրանց մասնակցել իրենց իսկ բնակավայրի պաշտպանությանը։
«Այս իսկ պատճառով մենք առաջին ընթերցմամբ նախագիծով առաջարկեցինք պայմանագրային զինվորական ծառայության համար սահմանված տարիքային շեմը բարձրացնել մինչև 63 տարեկան։ Բայց կառավարությունը առաջարկում է ըստ զինվորական կոչումների տարիքային սանդղակ սահմանել»,- նշեց նա։
ԼՀԿ-ական պատգամավորի խոսքով, շարքային և կրտեսր ենթասպայական կազմի համար 48 տարիքային շեմը կբարձրացվի մինչև 55, կրտսեր սպայական կազմի համար 52 տարեկանի փոխարեն կսահմանվի նոր շեմ՝ 57 տարեկան, ավագ սպայական կազմի մայոր և փոխգնդապետների համար շեմը կսահմանվի մինչև 60 տարեկան, իսկ ավագ սպայական կազմի համար գնդապետի դեպքում 60-ը կփոխարինվի 63-ով։