Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Արցախի հեռավոր շրջանների բնակիչներին
Ասկերանի շրջանի Սարդարաշեն գյուղում, որը գտնվում է լեռնային տարածքում, Մարդասիրական արձագանքման կենտրոնի աշխատակիցները դաշտային կետ են տեղակայել՝ գյուղի բնակիչներին, բռնագաղթածներին և ներքին տեղահանված անձանց որակյալ բժշկական օգնություն ցուցաբերելու համար:
«Այսօր մենք օգնություն ենք ցուցաբերում լեռնային Սարդարաշեն գյուղի բնակիչներին՝ մարդասիրական-բժշկական ստուգայցերի շրջանակներում: Այս առաքելությունն անսովոր է, և մենք բուժաշխատողներ ենք բերել գյուղ»,- ՌԴ ՊՆ պաշտոնական կայքէջը ներկայացրել է գեներալ-մայոր Սերգեյ Ժմուրինի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալի խոսքերը:
«Աշխատանքներում ներգրավված են թերապևտներ, վիրաբույժ և ակնաբույժ: Ամենակարևորն այն է, որ մենք այստեղ բերեցինք դաշտային ատամնաբուժական ստորաբաժանում և կփորձենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել բոլոր դիմողներին»,- հավելել է նա:
Բժշկական օդաճնշման մեխանիզմով բացված մոդուլում կազմակերպված ընդունելության ժամանակ հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանման բժիշկները որակյալ օգնություն են ցուցաբերել գյուղի ավելի քան 50 բնակչի:
Բացի այդ, Մարդասիրական արձագանքման կենտրոնի զինծառայողները կազմակերպել են շուրջ 1500 կիլոգրամ հումանիտար օգնության փոխանցում կարիքավորներին, որոնք Ռուսաստանի հասարակական և բարեգործական կազմակերպությունները նվիրել են Արցախին: Ռուս խաղաղապահները բռնագաղթված բազմանդամ ընտանիքներին տրամադրել են նաև սնունդ, բժշկական պարագաներ և առաջին անհրաժեշտության իրեր:
Հարակից հրապարակումներ`
- Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են փոխանցել Ասկերանի բնակիչներին և բուժկետին
- Հումանիտար օգնություն՝ Հադրութի շրջանի բնակիչներին
- Խնածախի և Ասկերանի բնակիչներին տրամադրվել է ավելի քան 5 տոննա հումանիտար օգնություն. ՌԴ ՊՆ
- Ասկերանի շրջանի Նորագյուղ բնակավայրին է փոխանցվել ռուսական հումանիտար բեռը
- ՌԴ ԱԻՆ-ը 6 բեռնատար հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ