Առաջին հերթին ՀՀ-ն պետք է դիսկուրս վարի միջազգային ատյաններում, որ պատերազմն անարդարացի էր. Արա Ղազարյան
«Մենք ստիպված ենք արձանագրել, որ միջազգային իրավունքի մեջ պատերազմը հստակորեն արգելող նորմ չկա, թեև շատերը մատնացույց են անում ՄԱԿ-ի կանոնադրության համապատասխան կետը, որ պետությունները պետք է իրենց վեճերը խաղաղ լուծեն քաղաքական ճանապարհով»,- «Հայատյացությունը՝ Ադրբեջանի պետական քաղաքականություն. Հայաստանի արձագանքը» թեմայով քննարկմանը միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
Նա նշեց, որ նույնիսկ Ալիևն իր ելույթներում ասում է ՝«մեր պատերազմն արդարացի էր, որովհետև մենք պաշտպանվում էինք», ավելացրել է, որ չեն խախտել ՄԱԿ-ի կանոնադրությունը։
«Այսինքն, իրենք մտավախություն ունեն, որ պատերազմն իսկապես անարդարացի էր, որովհետև հարձակողական էր, ուղեկցվել էր պատերազմի հանցագործություններով, մարդու իրավունքի, հումանիտար իրավունքի խախտումներով։ Այսինքն Ադրբեջանը հասկանում է իր խոցելի դիրքը, լավագույն պաշտպանությունը հարձակումն է: Այս հիմքով Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ հայերն են կատարել պատերազմի հանցագործությունը, իզուր չէ, որ Եվրոպական դատարան հայցը ներկայացրեցին՝ ներառելով 1992 թվականը»,- ասաց Ա. Ղազարյանը:
Նրա խոսքով, 2020 թվականին Հայաստանը կողմ էր խաղաղ բանակցությանը, այսինքն ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն վեճի լուծմանը, այստեղ Ադրբեջանը, բնականաբար, չի կարող ասել, որ սպառվել էր բոլոր հնարավորությունները, իրենք իսկապես ինքնապաշտպանվում էին:
«Ուստի այս հենքի վրա Հայաստանը պետք է շարունակի իր գլոբալ քաղաքականությունը՝ առաջին հերթին հիմնավորելով, որ Ադրբեջանը վարել է անարդարացի պատերազմ մարդու իրավունքների խախտումներով, որը հիմք կլինի ապագայում առաջին հերթին բարձրացնելու Արցախի օկուպացված տարածքի դեօկուպացիայի հարցը, դա էլ հիմնված է Արցախի բնակչության ազատ կամքի դրսևորվման վրա 1991 թվականին: Այսինքն, առաջին հերթին Հայաստանը պետք է դիսկուրս վարի միջազգային ատյաններում առ, որ պատերազմն անարդարացի էր միջազգային իրավունքի համաձայն, իսկ միջազգային իրավունքը տալիս է բազմաթիվ հիմքեր, թե ինչու պատերազմը, որը, ըստ էության, չի արգելվում, բայց արգելվում է անարդարացի, հարձակողական, կամ ինչպես մեր Քրեական օրենսգրքում է սահմանված, ագրեսիվ պատերազմը: Սա քաղաքական տիրույթում»,- ասաց Արա Ղազարյանը։
Իրավական տիրույթում, ըստ մասնագետի, կան մի շարք ատյաններ՝ առաջին հերթին Եվրոպական դատարան, որտեղ հարուցված վարույթ կա, հաջողությամբ Հայաստանն առաջ է տանում, հաջորդը՝ ընդհանուր իրավազորության հիման վրա, այն 1300 գործը, որ հարուցված է, եթե այդ թիվը ճիշտ է, այդ 1300 գործից մի որոշ հատվածով պետք է միջազգային քրեական հետապնդում իրականացվի պատերազմի հանցագործների նկատմամբ ընդհանուր իրավազորության կոնցեպտի, միջազգային իրավունքի սկզբունքի հիման վրա, որն անում է Ադրբեջանը չունենալով հիմք:
«Իսկ մենք պետք է անենք, որովհետև ունենք հիմք՝ առաջին հերթին քաղաքացիական բնակավայրերի ռմբակոծությունը, գերիների նկատմամբ վերաբերմունքը»,- ընդգծեց Ա. Ղազարյանը:
Նա նշեց, որ պետք է շատ լայնածավալ փաստահավաքություն արվի լոբբիստական նպատակներով, որովհետև պետք է համոզել պետություններին, հիմնավորել, որ Ադրբեջանը վարել է այդ անարդարացի պատերազմը, իսկ դա պետք է անել ոչ միայն հրապարակային հայտարարություններով, այլև ապացույցներով, ապացույցների առատությամբ, որպեսզի կասկածից վեր լինի հակառակը հիմնավորելու որևէ հիմքի առկայություն:
Արա Ղազարյանի կարծիքով, իր կողմից թվարկված գորընթածների մեծ մասն ընթացքի մեջ է:
Հարակից հրապարակումներ`
- Մենք չպետք է թույլ տանք, որ մեզ թմրեցնեն ադրբեջանական կեղծ խաղաղասիրությամբ. ՄԻՊ օգնական
- Հայաստանի կառույցները փաստերի ուժով պետք է կոտրեն Ադրբեջանի այդ կեղծ օրակարգը. Արա Ղազարյան