Մենք չպետք է թույլ տանք, որ վարորդը մեքենայի 4 ակով կանգնի մայթին. Հայկ Մարության
«Երկու տարի առաջ ընդունվեց որոշում, որ համայնքային հողերի վրա այլևս X օրվանից սկսած չի օրինականացվելու ոչ մի կառույց: Ցավոք սրտի, անցել է 2 տարի, այդ ուղղությամբ մենք արդյունք չունենք»,- ավագանու այսօրվա նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ հիշեցնելով, որ իր պաշտոնավարման երկրորդ ամսում նախագիծ են ներկայացրել կառավարություն և խնդրել, որ ապօրինի կառույցն օրինականացնելու գաղափարը հանեն իրավական նորմից:
Նրա խոսքով՝ ապօրինի կառույցն օրինականացնելու գաղափարը սխալ է, քանի որ այն բերել է քաոսի, որը տիրում է Երևանում:
Մարությանը համոզմունք հայտնեց՝ եթե մարդիկ իմանան, որ ինչ էլ կառուցեն՝ ի վերջո, օրինականացվելու է, ապա այն ավելի քաոտիկ շինարարության է բերելու, դրա համար էլ պետք է մերժվեն նախկինում կատարված նման կառույցների օրինականացման դիմումները:
«Եկեք ֆիքսենք, որ խոսքն ապօրինի շինարարության մասին է: Երբ ասում են՝ ինքնակամ, ավելի բարի է հնչում, բայց իրականում սա ապօրինի շինարարություն է»,- հայտարարեց քաղաքապետը:
Անդրադառնալով մեքենաներով մայրաքաղաքը գերծանրաբեռնելու խնդրին՝ Հայկ Մարությանը հայտնեց, որ դրա լուծումը տրանսպորտային ցանցի ընդլայնումն է, որպեսզի խթանեն մարդկանց տրանսպորտով երթևեկելը:
Նա հայտարարեց, որ վարորդներին առաջարկվելու է նաև կենտրոն գալ, ոչ թե մեքենայով, այլ տրանսպորտով:
«Այսօրվանից սկսած՝ մենք պետք է «նեղենք» վարորդին, չպետք է թույլ տանք, որ կանգնի մայթին 4 ակով, չպետք է թույլ տանք երկրորդ շարքով, կամ Շահումյանի հրապարակում կանգի, այսինքն՝ խախտում անել չպետք է թույլ տանք»,- հայտարարեց քաղաքապետը:
Նրա խոսքով՝ իր համար շատ ցավալի է ամեն օր Կենտրոնում տեսնել, որ երեխայի հետ սայլակով մայրը չի կարողանում մայթով անցնել, որովհետև մեկը որոշել է՝ «իր մեքենայի երկու ակերը երկու մետրով պետք է մխրճվեն մայթի մեջ»։
Քաղաքապետի համոզմամբ՝ այդ մեքենան պետք է վերցնել և առանց քննարկման տանել ուղիղ տուգանային հրապարակ և մեծ տուգանքով պատժել վարորդին:
«Ուզում եմ նշել, որ ճանապարհային ոստիկանությունն այդ հզորությունները չունի, շատ քիչ քարշակ ունեն, մի քանի հատ ձեռք են բերել, բայց, միևնույն է, չեն հասցնում»,- ընդգծեց Մարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Շահումյան հրապարակը դատարկ պահելու գործառույթը ոստիկանությանն է. Մարության
- Երևանի քաղաքապետարանը միացավ կլիմայական դաշնագրին, որպեսզի դրամաշնորհներ ստանա
- «Կիլիկիա» ավտոկայանից արցախցիներից ահազանգ եմ ստացել. Հռիփսիմե Առաքելյան
- Իմ և ընկերոջս մարմինը քոր էր բռնել և մեր գիտակցությունները շատ վատ էին.Արմեն Ներսիսյան
- 94 ամյա Աղվան Աշոտի Չատինյանին շնորհվեց Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
- Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նոր անդամ Աննա Պապյանը չէր ներկայացել իր առաջին նիստին