Իտալիան կվերականգնի համաճարակի ընթացքում ժամկետանց դարձած զբոսաշրջային վիզաները
Իտալիայի իշխանությունները շուտով կսկսեն թարմացնել և տրամադրել զբոսաշրջային վիզաներ, որոնց ժամկետներն ավարտվել են համաճարակի ընթացքում: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Իտալիայի դեսպան Պասկուալ Թերաչանոն, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
Երեքշաբթի օրը Թերաչանոն հայտնել էր, որ Իտալիան 2021-ի ամռանը կվերսկսի ընդունել ռուս զբոսաշրջիկներին, որոնք չէին հասցրել երկիր այցելել կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Այս պահին իտալական 20 մարզերից միայն երեքն են մնում «կարմիր» գոտում, այսինքն՝ բարձր ռիսկի գոտում: Համաճարակի սկզբից ի վեր Իտալիայում վարակվածների թիվը հասել է 3 միլիոն 870 հազարի, որից գրեթե 117 հազարը մահացել է, իսկ շուրջ 3 միլիոն 250 հազարը վերականգնվել է:
«Մենք այժմ կսկսենք թարմացնել, տրամադրել զբոսաշրջային մուտքի արտոնագրերը, որոնց ժամկետները լրացել են համաճարակային շրջանում: Հետևաբար, մենք այժմ կարող ենք վիզաներ տրամադրել, անկախ նրանից, թե երբ հնարավոր կլինի հատել սահմանը»,- ասել է դեսպանը՝ չնշելով հստակ ժամկետներ։
Ապրիլի 26-ին նախատեսվում է բացել թանգարաններ, թատրոններ և կինոթատրոններ Իտալիայի «դեղին» գոտիներում `սահմանափակ թվով այցելուներով և հանդիսատեսով, իսկ ահա «նարնջագույն» և «կարմիր» գոտիներում ներկայացումները հնարավոր են միայն դրսում: