Արշակունյաց պողոտայում մահվան ելքով պայթյունի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Այսօր առավոտյան Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օերնսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։
«Նշանակվել են փորձաքննություններ։ Կատարվում է նախաքննություն»,-ասացին ՔԿ-ից։
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասը սահմանում է.
«Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը` դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԻ նախարարության հրապարակած հաղորդագրություն տարածեց, ըստ որի.
«Ապրիլի 22-ին, ժամը 07:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի մոտակայքում տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն․ կան տուժածներ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Արշակունյաց պողոտայի թիվ 77/3 հասցեում՝ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տարածքում, պայթել է «Toyota» մակնիշի ամբարձիչի գազի բալոնը՝ առանց հրդեհի բռնկման։ Վնասվել է մոտակայքում գտնվող դիզելային վառելիքի տարայի (մոտ 20 տ տարողությամբ) արտաքին հատվածը՝ մասամբ (մոտ 20 քմ)․ վառելիքի արտահոսք չկա։ Տեղազննման արդյունքում տարածքով անցնող գազատար խողովակից արտահոսք չի հայտնաբերվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Դ․ Գ․-ն (մոտ 65 տարեկան) և Ս․ Բ․-ն (ծնված 1970 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ մահացել են։
Փրկարարները տուժած է․ Ե․-ին (ծնված 1979 թ․) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս նույնպես հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր»։