Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան ռազմաբազան ենթարկվել է հրթիռային հարձակման
Լրատվական աղբյուրները հայտնում են, որ առնվազն երեք հրթիռ է ընկել Իրաքի մայրաքաղաքի օդանավակայանի մոտակայքում գտնվող ամերիկյան «Վիկտորիա» բազայի մերձակայքում, գրում է Pars Today-ը։
Ուրբաթ օրը «Ալ-Մայադին» լրատվական ցանցը հաղորդել է, որ հրթիռի հարվածից հետո բազայում միացել է անվտանգության ազդանշանը և ամերիկյան ռազմական օդանավերը բարձրացել են երկինք:
Որոշ աղբյուրների համաձայն, հրթիռներն արձակվել են մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Բաղդադի օդանավակայանի մոտակայքում գտնվող Հեյ ալ-Ֆարաթ տարածքից, իսկ ամերիկյան C-RAM ՀՕՊ համակարգը չի կարողացել հայտնաբերել և ոչնչացնել դրանք:
Հարձակումներից հետո, Իրաքի անվտանգության ուժերը շրջել են օդանավակայանի մերձակայքում՝ փորձելով հայտնաբերել հրթիռային կայանները:
Իրաքի բնակիչների մեծ մասը և քաղաքական խմբերն ԱՄՆ-ից պահանջում են իր ուժերը դուրս բերել այդ երկրից: Իսկ Իրաքի խորհրդարանը վավերացրել է համապատասխան օրենքը, գրում է կայքը։