«Իշխանությունն իր լծակներով կարող է գործարարներին պարտադրել նվիրատվություն կատարել նախընտրական հիմնադրամին»
«Կողմնակից չեմ, որ պատիժների խստացումը կարող է կանխարգելել ապօրինի գրոծողությունը, կամ իրավախախտումը, բայց եթե գնում ենք այս ճանապարհով, ապա ժամանակը ցույց կտա դրա արդյունավետությունը»,- ԱԺ նիստում հայտնեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը և անդրադարձավ ընտրությունների ժամանակ կուսակցության ղեկավարի կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկատվություն հրապարակելուն՝ հետաքրքրվելով, թե անանունության իրավունք ունեցող անձը, հրապարակելով նման ինֆորմացիա, քրեորեն կպատժվի՞, թե ոչ:
Սամսոնյանը նկատեց, որ այն գնում է զրպարտության դաշտ, որը գործող օրենսդրությամբ քրեորեն պատժելի չպետք է լինի:
Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնող Վահագն Հովակիմյանը պատասխանեց, որ թեկնածուների, կուսակցությունների, դաշինքի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար նախագծով քրեական պատասխանատվություն է նախատեսվում, բայց շեշտեց, որ այդ նորմը շատ երկար են քննարկել և, ամենայն հավանականությամբ, 1-ին և 2-րդ ընթերցման ժամանակ այդ դրույթը նախագծից կհանվի:
«Դա, ըստ էության, երկիմաստ իրավիճակներ կարող է առաջացնել և շարունակելով քննարկել գործընկերների հետ, եկանք եզրահանգման, որ ավելի լավ է այս փուլում հանենք,»,- հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:
Անի Սամսոնյանն արձագանքեց, որ այդ դրույթը 2016-ին եղել է օրենքում, բայց հանվել է այն պատճառով, որ մենք ունենք միջազգային պարտավորություններ, ըստ այդմ՝ դա պետք է դուրս գա և չի կարող հավասարապես աշխատել, որովհետև ԱԱԾ-ն և ոստիկանությունը ենթարկվում են վարչապետին, և այդ կառույցներն ավելի ուժգին են աշխատում այն դեպքում, երբ դա կլինի իշխանության թեկնածուն, այլ ոչ թե ընդդիմության:
Անդրադառնալով նվիրատվությունների հարցին՝ Սամսոնյանը նկատեց, որ ընդդիմությունը չունի որևէ լծակ, որ մարդկանց հարկադրի նվիրատվություն կատարեն իր կուսակցության կամ հիմնադրամի օգտին, բայց իշխանությունը գործադիր, վարչական լծակներով անուղղակիորեն կարող է որոշակի միջոցներ գործադրել գործարարների վրա՝ նվիրատվություն կատարել նախընտրական հիմնադրամի, կամ նախընտրական քարոզչության համար:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ դեպքը ինչպես է կարգավորվելու օրենքով:
Վահագն Հովակիմյանը հավաստիացրեց, որ կապ չունի, թե ով կլինի օրինախախտը, եթե Քրեական օրենսգրքում կա դրույթ, որով կոնկրետ արարքի համար պատասխանատվություն է նախատեսվում, անձը պետք է պատասխանատվության ենթարկվի:
Հարակից հրապարակումներ`
- Ինչքանո՞վ է նպատակահարմար 1-2 դեպքի համար օրենսդրություն փոխելը. Թագուհի Թովմասյան
- 3 տարվա ընթացքում չկարգավորվեցին արդարության տրամաբանությունից բխող բազմաթիվ հարցեր. Տիգրան Ուրիխանյան
- Մեկնարկել է ԱԺ արտահերթը, օրակարգում երկու հարց է