ԵԱՀԿ-ում ներկայացվել են Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները
Ապրիլի 28-ին տեղի է ունեցել ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի (ԱՀՖ) ՀՀ նախագահության ներքո ԵԱՀԿ ԱՀՖ անվտանգության երկխոսության ձևաչափով առաջին նիստը՝ նվիրված միջազգային մարդասիրական իրավունքին: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։
Բացելով նիստը՝ ԵԱՀԿ ԱՀՖ նախագահ, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Պապիկյանը նշել է, որ չնայած հակամարտությունների բնույթն էապես փոխվել է միջազգային մարդասիրական իրավունքի կոդիֆիկացիայից հետո, ԵԱՀԿ տարածաշրջանում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների բնույթը մնացել է անփոփոխ՝ քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների թիրախավորում, ռազմագերիների և գերեվարված այլ անձանց նկատմամբ խոշտանգումներ և դաժան ու անմարդկային վերաբերմունք, արգելված զինատեսակների կիրառում և այլն:
Նիստին բանախոսություններով հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ՀՀ Պաշտպանության նախարարության Մարդու իրավունքների ու բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Գևորգ Մարտիրոսյանը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գլխավոր իրավախորհրդատու Կորդուլա Դրոգեն:
Մասնակից պետություններին ներկայացվել է Արցախյան պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից թույլ տրված միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումները, ներառյալ քաղաքացիական բնակչության ու ենթակառուցվածքների միտումնավոր և համակարգված թիրախավորումը, կասետային ու քիմիական տարրեր պարունակող զինատեսակների, մարտական անօդաչու թռչող սարքերի, բալիստիկ հրթիռների օգտագործումը, հայ ռազմագերիների և պատանդների նկատմամբ նվաստացուցիչ, անմարդկային և դաժան վերաբերմունքի, այդ թվում ստորացման և ֆիզիկական բռնության, խեղումների դրսևորումները, մշակութային ժառանգության ոչնչացումը:
Նշվել է նաև, որ հայ ռազմագերիները և պատանդները շարունակում են մնալ գերեվարված, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է:
Մասնակից երկրներին ներկայացվել են ՀՀ զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը և սկզբունքները բարեվարքության կանոնների ներդաշնակ մաս դարձնելու ուղղությամբ իրականացվող քայլերը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային մարդասիրական իրավունքի իրականացումն ապահովելու համար երկրների կողմից անհրաժեշտ օրենսդրական և պրակտիկ քայլերին։ Նշվել է, որ միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված պաշտպանության միջոցները պետք է կիրառվեն առանց բացառության։
Նիստին ելույթներով հանդես են եկել ԵԱՀԿ մասնակից երկրների պատվիրակությունները, որոնք բարձր են գնահատել ԵԱՀԿ ԱՀՖ շրջանակներում միջազգային մարդասիրական իրավունքի թեմայով քննարկումներ կազմակերպելու Հայաստանի նախաձեռնությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը