Մեր խրամատի տղաներից ոչ ոք կենդանի չմնաց, ինձ «Նարեկը» փրկեց. փոխգնդապետ Սմբատ Քառյան
Մոսկվայի հայկական եկեղեցու առաջնորդարանում Եզրաս սրբազանն ընդունել է Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից փոխգնդապետ Սմբատ Քառյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցու ֆեյսբուքյան էջից։
37-ամյա սպան սովորում է ՌԴ ցամաքային զորքերի Ֆրունզեի անվան հրամանատարաշտաբային ակադեմիայի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։
Սմբատ Քառյանի խոսքով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց Արցախյան պատերազմը, կիսատ թողեց ուսումը և Մոսկվայից մեկնեց հայրենիք՝ սրբազան Արցախը պաշտպանելու։
«Նշանակվել եմ 18-րդ հրաձգային դիվիզիայի հետախուզության պետ։ Շատ մարտերի եմ մասնակցել, վիրավորվել եմ Մարտունիի պաշտպանության ժամանակ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Մեր խրամատի տղաներից ոչ ոք կենդանի չմնաց։ Ինձ «Նարեկը» փրկեց, որը միշտ զրահաբաճկոնիս գրպանում է եղել»,- պատմել է Սմբատ Քառյանը։
Ծանր վիրավորվելուց հետո արյունաքամ և ուշակորույս Սմբատին մի կերպ գտնում են ու տեղափոխում Ստեփանակերտի, ապա Երևանի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մի շարք վիրահատություններ է տանում։ Այժմ բուժվում է Մոսկվայի Ն․ Ն․ Բուրդենկոյի անվան նյարդավիրաբուժության կենտրոնում։
«Պատերազմի մասին հիշողությունները ցավոտ են, շատ բան չեմ ուզում պատմել»,- ասել է Սմբատը։
Եզրաս սրբազանի հետ հանդիպմանը փոխգնդապետն ասել է, որ թեպետ դժվարությամբ է քայլում, ձեռքերի ու ոտքերի մեջ դեռ բեկորներ կան, մեծ ու խորը վերքեր ունի, այնուամենայնիվ որոշել է շարունակել ուսումը մագիստրատուրայում, ապա վերադառնալ Հայաստան և իր ծառայությունը բերել հայրենիքի պաշտպանության գործում։
Սրբազան հայրն իր օրհնությունն ու բարեմաղթանքն է բերել քաջարի զինվորական Սմբատ Քառյանին՝ հայրենիքին մատուցած անձնվեր ծառայության և պատերազմի օրերին դրսևորած հերոսական ոգու համար։
«Երախտապարտ ենք ձեր նվիրումի, անձնազոհության և քաջագործությունների համար։ Հայ Եկեղեցին ամեն ջանք գործադրում է, որպեսզի աջակցություն ցուցաբերի պատերազմում վիրավորում ստացած հայորդիների բուժման համար։ Անվարան դիմեք, ձեր բոլոր հարցերը լուծում կստանան»,-ասել է սրբազան հայրը՝ մաղթելով փոխգնդապետ Սմբատ Քառյանին շուտափույթ ապաքինում և բարի ուսում։