Դատավորը հետաձգում է դատը, ինչ է, օրինակ՝ մորքուրին կարմիր խնձոր են բերել. Գևորգ Պետրոսյան
Մեկնարկել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։
Քննարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին հարցը։
Հիմնական զեկուցող, անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով, ՀՀ սահմանադրության 36-րդ հոդվածի համաձայն մարդը բարձրագույն արժեք է, և նրա անօտարելի արժանապատվությունը նրա իրավունքների և ազատությունների հիմքն է, և ըստ նրա, այժմ խնդիր կա օրենսդրությունն այնպիսին դարձնելու, որ մարդու արժանապատվության պաշտպանությունը հնարավոր լինի արագ կազմակերպել։
«Եթե քո պատվին ու արժանապատվությանը հասցված վնասը՝ այն էլ այս թշնամանքի մթնոլորտում, երբ դու, օրինակ՝ քաղաքական ելույթ ես ունենում ու մարդիկ սկսում են քո ընտանիքին վիրավորել, պետք է դրա վերաբերյալ հարուցված գործը սեղմ ժամկետներով քննվի։ Թե չէ հիմա դեպքեր կան, որ տարիներով քննվում են մարդու արժանապատվությանը վնաս հասցնելու վերաբերյալ հարուցված գործերը։ Ասենք 3 տարի գործը քննվում է, 2 ամիսը մեկ դատական նիստը հետաձգվում է»,- նշեց պատգամավորը։
Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց, որ բերված նախագծով առաջարկվում է սեղմել զրպարտության և վիրավորանքի հետ կապված գործերի քննության ժամկետը։
Նա նշեց, որ այսօր հատուկ իրավակարգավորում չկա, և կիրառվում են քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետները։
«Ու եթե այս նախագծի նպատակը մատաղի պես ընդունելի է մեր գործընկերերի համար, ապա առաջարկում եմ հավանության արժանացնել»,- նշեց նա։
Իմքայլական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանն, անդրադառնալով նախագծին, ասաց, որ կողմ է առաջարկվող փոփոխությանը։
«Բայց ուզում եմ հասկանալ, որ օրինակ՝ ներկայացվեց հայցադիմում, բայց օրենքի նախագծի ընդունումից հետո սահմանված ժամկետներում դատարանն, այնուամենայնիվ, չհասցրեց գործը քննել, ի՞նչ է լինելու»,- հարցրեց նա։
Ի պատասխան Գևորգ Պետրոսյանը նշեց, որ հնարավոր չէ «ոտքի վրա» ասել, թե ուշացնելու դեպքում ինչ իրավակարգավորում պետք է տալ։
«Ուշացրել են, բնական է, առաջանում է դատավորի կարգապահական պատասխանատվության խնդիր...։ Բայց եթե այդ տրամաբանությամբ գնանք, ուրեմն ոչ մի տեսակի գործով էլ ողջամիտ ժամկետում քննություն չի լինի։ Տեսեք, մարդու արժանապատվությունը վիրավորվել է, ինքը տարիներով ընկնում է դատարանների դռները, պետությունն էլ ասում է՝ դե դատարանը չի հասցնում քննել։ Իսկ կներեք էլի, ես այդ կարծիքին չեմ, որ բոլոր հետաձգվող գործերն ունեն հարգելի, հիմնավոր պատճառներ...։ Դատավորը հետաձգում է դատը, ինչ է, օրինակ՝ մորքուրին կարմիր խնձոր են բերել, ու ինքը դա նշում է»,- նկատեց Գևորգ Պետրոսյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ