Հայաստանում ոչինչ չի փոխվել. խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը շարունակում է գործել. Սամսոնյան
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե վերջին 3 տարում Հայաստանում վերացել է կոռուպցիայի ինստիտուտը։
«Այս միտքն այնքան ինքնավստահ ու ընդգծված է հնչում, որ որևէ մեկի մոտ կարող է իսկապես հարց չառաջանալ։ Բայց արդյո՞ք այդ հայտարարությունը ճիշտ է։ Ես բազմիցս համոզվել եմ, որ մեր գործընկերները սխալ պատկերացում ունեն, թե ինչ է կոռուպցիան։ Օրինակ, որ կոռուպցիան պարզապես կաշառք տալն ու վերցնելը չէ, հովանավորչությունը ևս կոռուպցիա է։
Եվ այսպես, ձեր ուշադրությունն եմ հրավիրում հետևյալի վրա. «Հետք»-ը գրում է՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում։ ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Ստեփան Մաչյանը, ով Տիգրան Ավինյանի ընկերն է։ Մաչյանի տեղակալը Վահագն Ստեփանյանն է, ով Մաչյանի մանկության ընկերն է։ Նարեկ Մկրտչյանը Մաչյանի խորհրդականն է։ Նա ևս Մաչյանի ընկերն է...»,-ներկայացրեց Անի Սամսոնյանը։
Նա կարծիք հայտնեց, որ իրավապահ համակարգը շատ հեշտ կարող է այս բացահայտումներով զբաղվել։
«Եվ նման հրապարակումներից հետո ես հասկանում եմ այն մարդկանց, որոնք ինձ ասում են՝ ցավոք, Հայաստանում ոչինչ չի փոխվել։ Խնամի-ծանոթ-բարեկամ համակարգը շարունակում է գործել։ Արդյո՞ք կոռուպցիայի համակարգը քանդվել է, կներեք, ես կասկածում եմ»,- եզրափակեց խոսքը նա։