Դավիթ Բաբայան. Շարունակվելու է օրակարգային մնալ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը
Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Արցախի պետական համալսարանում մեկնարկած «Արցախ. ներկան և ապագան» ծրագրի շրջանակներում հանդիպել է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչների հետ։
ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել Դավիթ Բաբայանին՝ ԱրՊՀ զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար և նրան պարգևատրել ԱրՊՀ 50-ամյակի հուշամեդալով։
ԱԳ նախարարը հանդես է եկել բանախոսությամբ՝ ներկայացնելով երկրի առջև ծառացած ոլորտային խնդիրները, աշխարհաքաղաքական զարգացումները, մարտահրավերներն ու դրանց դիմակայելու ուղիները:
Խոսելով արտաքին քաղաքականության ուղղությամբ տարվող աշխատանքների առաջնահերթություններից՝ նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հարցը շարունակում է օրակարգային մնալ:
Պատերազմի հետևանքով ստեղծված խնդիրները հաղթահարման և վերականգնման համատեքստում Դավիթ Բաբայանը կարևորել է պատմությունից դասեր քաղելու անհրաժեշտությունը:
«Մեր պատմության մեջ բացվել է դառը, մղձավանջային մի էջ: Բայց մենք չպիտի վհատվենք ու հուսահատվենք: Մենք կարող ենք ապաքինվել, պետք է կազմակերպվենք, յուրաքանչյուրիս ճիշտ աշխատանքով վերականգնվենք»,-նշել է նա։
Խոսելով Արցախի սուբյեկտայնության պահպանման անհրաժեշտության մասին՝ նախարարն ընդգծել է.«Պետք է Սփյուռքում և Հայաստանում շարունակեն Արցախն ընկալել որպես սրբություն:
«Պետք է բարձր պահենք մեր ազգային դիմադրողականությունը, ուժեղ պահենք մեր արժեհամակարգը: Ցանկացած բարդություն նաև հնարավորություններ է ստեղծում: Պետք է կարողանալ այդ հնարավորությունները ճիշտ օգտագործել»։
Դավիթ Բաբայանը կարևորել է երիտասարդության ներուժն ազգային իղձերի իրականացման գործում:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ