Առաջարկվում է քրեորեն չհետապնդել նվազ վտանգավորության դեպքերը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։
ՀՀ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանի խոսքով, նախագծով սահմանվում է ազատազրկման այլընտրանք հանդիսացող նոր պատժատեսակներ կիրառելու կարգը։
«Նախագիծը սահմանում է ազատազրկման այլընտրանք հանիդսացող նոր պատժատեսակներ, որոնք հնարավորություն կտան անձին վերասոցիալականացնել՝ առանց հասարակությունից մեկուսացնելու: Նախագծով նախատեսված այդպիսի պատժատեսակ է «ազատության սահմանափակում» պատժատեսակը, որն իրականացվելու է էլեկտրոնային հսկողության միջոցների գործադրմամբ»,- ասաց Արմեն Հովհաննիսյաը:
Ըստ նրա, արդեն իսկ ձեռնարկվում են համապատասխան քայլեր՝ նախագիծն ընդունվելուց հետո այս պատժատեսակը գործնականում արդյունավետ կիրառելու համար:
Նա տեղեկացրեց, որ նախագծերի դրույթների լրամշակման առանցքը կազմել է այն, որ պատիժների համակարգում ազատազրկումը պետք է դիտվի որպես ծայրահեղ միջոց:
«Նախատեսվում է, որ հանցանք չի համարվում այն արարքը, որը թեև ձևականորեն պարունակում է Քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված հատկանիշները, սակայն նվազ վտանգավորության աստիճան ունի, այսինքն՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձին, հասարակությանը կամ պետությանը էական վնաս չի պատճառել և չէր կարող պատճառել:
Այս կարգավորումը հնարավորություն կտա քրեորեն չհետապնդել նվազ վտանգավորության դեպքերը, որոնք պրակտիկ աշխատողների վկայակոչմամբ, շատ են հանդիպում»,- տեղեկացրեց Արմեն Հովհաննիսյանը:
Նախագծով առաջարկվում է առանցքային փոփոխությունների ենթարկել նաև տուգանքի ինստիտուտը՝ տուգանքի չափը կապելով անձի եկամտի հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին