ԱԺ-ն քննարկում է Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածում «և» շաղկապը «կամ»-ով փոխարինելու հարցը
«Բերված օրենքի նախագծին հաջորդելու է մյուսը, որը պարունակում է բազմաթիվ ռիսկեր ու խոսքի ազատությանն ուղղված ինչ-որ գործողություններ»,- այսօր խորհրդարանում ասաց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նա նշեց, որ այդ նախագիծը մի քանի քայլ հետ նախագիծ է, որովհետև երկար ժամանակ է պահանջվել, որ ապաքրեականացվի զրպարություն և վիրավորանք արտահայտությունը, իսկ հիմա ստացվում է, որ զրպարտությունն ու վիրավորանքը քրեականացվում են։
«Այսօր նույնիսկ լրագրողներն ակցիա են իրականացնում այդ հարցի հետ կապված, որը 5-րդ կետում է ԱԺ-ն քննարկելու»
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանի խոսքով, նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լրագրողի օրինական գործունեության առավել վտանգավոր տեսակների համար քրեական պատասխանատվություն նախատեսելու և պատժի անխուսափելիության սկզբունքի պատշաճ իրացումն ապահովելու համար։
«Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի առաջին մասը քրեական հետապնդում է նախատեսում լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու համար, և երկրորդ մասը քրեական պատասխանատվություն է ենթադրում, եթե այդ քայլն արվել է պաշտոնատար անձի կողմից, իսկ երրորդը պատասխանատվություն է նախատեսում, եթե բռնություն է գործադրվել կամ բռնություն գործադրելու սպառնալիք է հնչեցվել լրագրողի ու նրա մերձավորների նկատմամբ։
Երրորդ մասով քրեական հետապնդում իրականացնելու համար գործող օրենքով նշվում է, որ պետք է լինեն և՛ առաջին, և՛ երկրորդ մասերին բնորոշ տարրեր, իսկ այժմ առաջարկում ենք, որ «և» շաղկապը փոխարինվի «կամ»-ով»,- ներկայացրեց նա։