Միանում եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցությանը. անկախ պատգամավոր Աննա Գրիգորյան
«Քանի որ արդեն պարզ է` երկիրը գնում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, այո՛, ես ևս որոշել եմ շարունակել իմ քաղաքական ուղին, և այն շարունակելու եմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության հետ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նրա խոսքով, այդ կուսակցությունը ստեղծվել է՝ իր հիմքում ունենալով Սյունիքը, և ստեղծվել է անհրաժեշտաբար։
«Գործող իշխանությունն աչքաթող է արել Սյունիքը, և այս կուսակցությունը ստեղծվել է հենց Սյունիքում, և նրա կորիզը Սյունիքի համայնքապետերն են։ Եվ այս կուսակցությունը նպատակ ունի վերածնելով Սյունիքը տարածվել ողջ Հայաստանով։ Ես կարծում եմ՝ լավ աշխատանքի արդյունքում մենք մեծ շանսեր կունենանք»,- կարծիք հայտնեց անկախ պատգամավորը։
Նա վստահություն հայտնեց, որ կուսակցությունը տարածվելու է նաև մյուս մարզերում, ունենալու է իր աջակիցները։
«Ստեղծվել է կուսակցություն, որի հիմքում Սյունիքի համայնքները շենացրած մարդիկ են։ Ի վերջո, ես ինձ ամուր եմ զգում մի կուսակցությունում, որտեղ մարդիկ ոչ միայն խաղաղ պայմաններում, այլ նաև պատերազմի ընթացքում են ցույց տվել՝ ինչքան են սիրում իրենց երկիրը։ Մարդիկ մասնակցել են պատերազմի, վիրավորվել են։ Կարծում եմ, որ այս կուսակցությունը Սյունիքում ունի աջակցություն, բայց այդ աջակցության սահմանները տարածվելու են նաև մյուս մարզերում»,- ասաց Աննա Գրիգորյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչ է, դո՞ւք եք որոշում՝ ինչպիսին պետք է լինի սյունեցին. Աննա Գրիգորյանը՝ իմքայլականներին
- Հունիսի 21-ին Նիկոլը լինելու է նախկին. «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար